×

Կարո Քեբաբջյանը հետմահու պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

07.04.2021

 

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը հետմահու պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը շքանշանը հանձնել է Քեբաբջյանի որդուն «Եռաբլուրում», որտեղ ամփոփվել է հոր մարմինը։  

«Կարո Քեբաբջանի կյանքն ինքնին եղել է մեր ժողովրդի պատմության արտացոլումը։ Լինելով Արևմտյան Հայաստանի ծնունդ, իր ծնողները մազապուրծ են եղել Ցեղասպանությունից, եկել, հաստատվել են Լիբանանում, այնտեղ նորից ոտքի են կանգնել, արարել են։ Պրն․ Քեբաբջյանի հայրիկը եղել է հայտնի խմբապետ, ով բազմաթիվ սխրագործություններ է կատարել Մերձավոր Արևելքում ինքնապաշտպանական մեր գործի ընթացքում։ Նույնպիսի  եռանդով Կարո Քեբաբջյանն է մասնակցել այդ գործին», - ասել է Դավիթ Բաբայանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն էլ ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից ընկեր Կարոն Հայաստանում էր՝ առաջարկելով իր ծառայությունները, կարողությունները, գիտելիքն ու հմտությունները՝ խրախուսելով և քաջալերելով զինվորներին։

«Զարմանալի չէ, որ 1999 թվականից Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչը հավատում էր Արցախին, Արցախի հաղթանակին և իր խոսքով ու գործով Արցախն ուզում էր սարքել երջանիկ քաղաք։ Եվ, թերևս, այն առաջին ներդրողներից էր, ով Շուշիում ներդրում կատարեց և Շուշիում հյուրանոց հիմնեց»,-նշել է Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Քարվաճառի հետ կապված՝ մեծ ծրագրեր ուներ, որոնք պետք է իրագործեր Կարապետ Քեբաբջյանի հետ։ 

Աղբյուր՝ asbarez.com