Քուվեյթցի գործարարը Արմավիրում նշենու մեգաայգի կհիմնի
06.04.2021
Քուվեյթցի հայրենադարձ Հակոբ Աբովյանը ցույց է տալիս 1100 հեկտար տարածքի սահմանը։ Շուրջ բոլորը նշենի պիտի տնկեն։
«500 հազար ծառ պիտի տնկվի», - ասաց «Ալ-Աբդալյահ Գրուպի» տնօրեն Հակոբ Աբովյանը։
500 հազար նշենին տնկելու են իր ընկերոջ՝ քուվեյթցի գործարարի ներդրումով։ Հայաստանի տեղն էլ Հակոբն է ցույց տվել, խորհուրդ տվել հենց Արմավիրում 30 միլիոն դոլարով բիզնես անել։
«Հայաստանում պետք է ամենաընտիր նուշը լինի», - հավելեց Հակոբ Աբովյանը։
1100 հեկտարից 400 հեկտարն արդեն պատրաստ է մշակման։ Նախկինում այս տարածքը ամայի էր՝ քարերով լցված։ Տարածքն ընտրելիս Հայաստան են հրավիրել մասնագետներ Ֆրանսիայից, Իրանից և Իսպանիայից։
«Տեսան մեր տարածքը, մեր կլիման, մեր հողերը։ Իրենց խորհուրդներով սկսեցինք վերամշակել մեր տարածքը տնկիների համար», - նշեց տնօրենը։
Գրունտային ճանապարհը տանում է դեպի ջրամբար։ 1100 հեկտարը ոռոգելու են այս կետից ու որպեսզի նուշը լավ բերք տա, կիրառելու են կաթիլային ոռոգման համակարգը։
«5-րդ սերնդի աշխատանք պիտի կատարվի այստեղ», - ասաց Հակոբ Աբովյանը։
Բիզնես հիմնելով աշխատատեղ են ստեղծել շրջակա գյուղերի բնակիչների համար։ Տարածքի զարգացմանը զուգահեռ կավելանա աշխատողների թիվը։
«Հիմա մենք 150 աշխատատեղ ունենք, քիչ-քիչ, տարեցտարի կավելանա թիվը։ Երբ ծառերը տնկենք, հնարավոր է 500 աշխատող ունենանք», - ասում է Հակոբ Աբովյանը։
Այս գարնանն արդեն 55 հազար նշենի կտնկեն։ Իսպանիայից են բերելու։ Աշնանը նույնպես ծառատունկ կլինի։ Արդեն 2024-ին Արմավիրում նշենին առաջին պտուղները կտա։