Մերձսևծովյան հայերը. Հետաքրքիր պատմություն՝ պատմական փաստերով
23.03.2021
Սա սևծովյան տարածաշրջանն է։ 18-րդ դարում Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը պատերազմում էին այստեղ՝ ռազմավարական կարևոր տարածքներին և ռեսուրսներին տիրանալու համար։ Այս բախումներն ազդեցին Մերձսևծովյան շրջանի բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ճակատագրի վրա։ Ինչպե՞ս տարիների ընթացքում վերաբնակեցվեցին այստեղ հայերը և ինչպե՞ս պահպանեցին իրենց ինքնությունը. «Մերձսևծովյան հայերը» վերնագրով հանրագիտարանը հենց այս մասին է։
«Ես շփվել եմ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ՝ պատմաբանների, էթնոգրաֆների, հայագետների, կովկասագետների հետ և նյութեր էի հավաքել «Խաչքար» թերթի հոդվածի համար։ Պարզվեց, որ դրանցից շատերը բավականին հետաքրքիր նյութեր են՝ Ռուսաստանի հարավում ապրող հայկական համայնքի մասին։ Եվ ահա այդ ժամանակ ծնվեց գաղափարը՝ ստեղծել մի հսկայական նախագիծ՝ Մերձսևծովյան հայերը»։
Ներկայումս այս տարածաշրջանում բնակվում է մոտ 1 միլիոն հայ։ Հանրագիտարանի մոտ հազար հոդվածներում պատմվում է տարբեր անհատների կյանքի, ինչպես նաև հայկական բնակավայրերի, տաճարների, դպրոցների և այլ կառույցների մասին։ Գրքի ստեղծման համար մեծ խումբ է աշխատել՝ գիտնականներ, պատմաբաններ, լրագրողներ։
«Յուրաքանչյուր ընթերցող, որը կբացի այս հանրագիտարանը, կարող է գտնել իր համար հետաքրքիր ինչ-որ տեղեկություն, միգուցե մեկը գտնի ծանոթ ազգանուն, մյուսը՝ մի սերունդ, որն անմիջականորեն կապ կունենա իր հետ։ Հոդվածներում կարելի է գտնել նյութեր, որոնք մարդիկ կարող են օգտագործել իրենց գիտական աշխատանքներում», - ասաց նախագծի հեղինակը։
Գիրքը հասանելի է նաև օնլայն տարբերակով։ Քրիստափոր Մխիթարյանի խոսքով՝ քննարկվում է այն թարգմանել հայերեն և անգլերեն: Հիմա աշխատում են հանրագիտարանի երկրորդ հատորի ստեղծման վրա։ Այն ընթերցողին կներկայացնեն այս տարի։