×

«Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, դասախոս

16.03.2021

Հայրենադարձ Հակոբ Մակդիսը հայրենիքում հիմնել է ուսումնական կենտրոն

Հակոբ Մակդիսն է։ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին սովորեցնում է ճիշտ հաղորդակցվել։ 5 տարի առաջ սփյուռքահայ դասախոսը Լիբանանից վերադարձավ հայրենիք բազում ծրագրերով ու նպատակներով։ Հակոբն արմատներով Ուրֆայից է, ծնվել ու մեծացել է Սիրիայում, սովորել Մխիթարյան վարժարանում, ապա Հալեպի համալսարանում։

«Ես մի շատ լավ երիտասարդի հետ ծանոթացա։ Ուզում եմ անպայման նշել նրա անունը՝ Վահե Մելիքսեթյան։ Վահեն բժիշկ է, զոհվեց վերջին պատերազմում։ Նրա հետ անընդմեջ կապ էի պահպանում։ Նա ասում էր՝ Հակոբ, Հայաստանում կարող ես շատ բաներ անել, ունես լավ ծրագրեր, ինչու՞ հայրենիքում չանել», - ասում է հայրենադարձ դասախոսը։ 

Սիրիայում և Լիբանանում Հակոբն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր։ Ասում է՝ սփյուռքի հայերին Հայաստանն այդքան էլ լավ ներկայացված չէ, այդ իսկ պատճառով շատերը մտավախություն ունեն և հրաժարվում են տեղափոխվել հայրենիք։ Իսկ Հակոբը սեփական օրինակով ապացուցեց, որ Հայաստանում կարելի է հաջողության հասնել։ 2 տարի առաջ հիմնեց Big Mind ուսումնական կենտրոնը։

«Ամեն մարդ պետք է ունենա այդ մեծ միտքը՝ ավելի ճիշտ, կյանքի ճկունությունը, որ չհիասթափվի միանգամից, այլ ավելի հեռուն գնա՝ մտքի իրազեկման հմտությունները ճանաչելով», - նշում է Հակոբը։

Որպես մարմնի լեզվի և ոչ վերբալ հաղորդակցության դասընթացավար՝ Հակոբ Մակդիսը շրջել է Հայաստանի մարզերով, Արցախով, երիտասարդներին սովորեցրել կյանքի հմտություններ։ Պատերազմի օրերին Հակոբն իր թիմով ակտիվորեն աջակցել է Հայաստանի տեղեկատվական պայքարին՝ տարբեր լեզուներով նորություններ և վերլուծություններ հասցնելով Միջին Արևելքի երկրներին։

«Նոր պլան ունենք։ Ստեղծել ենք օտարալեզու Armarabia լրատվամիջոցը, որը նաև հետազոտական կենտրոն է։ 

Հիմա ուզում ենք առաջ գնալ և այդ ծրագիրն իրականացնել, որպեսզի ունենանք հզոր հարթակ, որը ճշմարտությունը, իրականությունը կներկայացնի Միջին Արևելքի երկրներին», - ասում է նա։

Հակոբ Մակդիսը վստահ է՝ ամեն հայ պետք է ունենա իր ներդրումը հայրենիքում։ Ժամանակն է վերադառնալ Հայաստան, աշխատել հայրենիքում ու անկախ դժվարություններից պայքարել մինչև վերջ։