×

Բիզնես ուղեցույց. որո՞նք են Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները

15.03.2021

Ռուսաստանյան Rusbase (Rb.ru) բիզնես պորտալն անդրադարձել է հայաստանյան ՏՏ ոլորտի հնարավորություններին՝ կազմելով մանրամասն բիզնես ուղեցույց։ Այն ներկայացրել է ընդհանուր պատկերը և պատմել, թե ինչպես ՏՏ նախագծերը կարող են աճել Հայաստանում։ 

Հրապարակման մեջ ասվում է, որ Հայաստանն արդեն երկար տարիներ գնում է բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղով, իսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո գործընթացն էլ ավելի է արագացել։ Միայն 2018 թվականին տեխնոլոգիական ոլորտը գրանցել է 33% աճ՝ հասնելով  250 մլն դոլարի, իսկ վերջին տարիների միջին աճը կազմել է 28%։

Հրապարակման մեջ առանձին ենթաբաժիններով և համապատասխան նկարագրություններով ներկայացված են՝

- ստարտափներն ու խոշոր ՏՏ ընկերությունները,

- բիզնես հրեշտակներն ու վենչուրային ֆոնդերը,

- աքսելերատորներն ու բիզնես ինկուբատորները,

- միջոցառումները, մրցույթներն ու գագաթնաժողովները,

- ստարտափների հետ կապված համայնքները

- կրթական ծրագրերը,

- հայրենադարձությանը աջակցող կազմակերպությունները

Ներկայացված ցանկում տեղ են գտել PicsArt-ը, Krisp-ը, ServiceTitan-ը, Vineti-ն, Shadowmatic-ը, Granatus Ventures-ը, Armenia Startup Academy-ն, FAST Foundation-ը, Impact Hub-ը, Sevan Startup Summit-ը, Chainpoint Conference-ը, DigiTec Expo-ն, Itel.am-ը, Tumo-ն, Armath-ը և այլն։

Ինչ վերաբերում է հայրենադարձությանն աջակցող կազմակերպություններին, ապա հրապարակման մեջ ասվում է, որ հայկական ՏՏ էկոհամակարգի զարգացմանը նպաստում են նաև արտերկրի մեր հայրենակիցները։ Նրանցից շատերը վերադառնում են հայրենիք ու ստեղծում իրենց ստարտափները։

Այս ենթաբաժնում առանձնացված են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են դեռևս 2018 թվականին Սփյուռքի նախարարության և FAST, IDeA, Impact Hub հիմնադրամների հեղինակած  «Ներուժ» նախագիծը, SmartGateVC ընկերության #landed ծրագիրը և IT is Armenia-ն, որը համագործակցում է ավելի քան 100 ընկերությունների հետ և աջակցում է նրանց երկրում աշխատելու ու տեխնոլոգիական ոլորտում լավագույն աշխատակիցներին գտնելու հարցում։