ՊՆ֊ն հերքել է Տավուշի մարզի սահմանի երկայնքով չափագրումների մասին լուրը
07.03.2021
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որ սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:
ՊՆ֊ից հորդորել են ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց:
Լուրը հերքել են նաև Տավուշի մարզպետարանից։ Մարզպետ Հայկ Չոբանյանը շեշտել է, որ Հայաստանի սահմանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է:
Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։ Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը»։
Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր տարածում էին տեղեկություն, թե Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։ Նրանք վրդովվել էին, որ լրատվականները չեն անդրադառմում խնդրին։