×

Բիզնեսմենից` Արցախի նախագահի խորհրդական. հայրենադարձ Վահե Քեուշգուերյանի պատմությունը

02.03.2021

Սփյուռքահայ գործարար Վահե Քեուշգուերյանը տեղափոխվում է Արցախ՝ բնակություն հաստատելու նպատակով.

Սիրիայից Լիբանան, Լիբանանից Իտալիա, ապա Ամերիկա, իսկ վերջնակետը՝ Հայաստան. թեպետ ծնվել ու մեծացել էր հայերի ընտանիքում, Վահե Քեուշգուերյանի համար հայրենիքն անհասանելի մի վայր էր թվում, մինչև այն պահը, երբ առաջին անգամ ոտք դրեց Հայաստան ու այլևս չցանկացավ թողնել այն։

«Մինչև Հայաստան գալս չէի պատկերացնում այն։ Մեր մտքին միշտ եղել է Արարատը, երաժշտությունը, սովորել ենք, կարդացել ենք, բայց իսկական կապ չի եղել մշակույթի ու հողի հետ։ Հասնում ես Հայաստան, դուրս ես գալիս, պտտվում ես Երևանով վաղ առավոտյան, նայում ես Արարատին, ապշում ես»։

Երիտասարդ Վահեին հետաքրքիր էր գինիների աշխարհը։ Գինեգործության ոլորտում տարիների փորձն ու գիտելիքը շատ շուտով ծառայեցնելու էր հայրենիքին, մասնակցելու էր Հայաստանում գինեգործության ոլորտի վերածննդին։  

«Երբ Սան Ֆրանցիսկոյում էի, սկսեցի իտալական ու ֆրանսիական գինի ներմուծել Կալիֆորնիա։ Չորս տարի հետո որոշեցի գնալ Իտալիա, զբաղվել ավելի շատ արտադրական գործունեությամբ, գտա այգի, գործարան, սկսեցի բուն գինեգործությամբ զբաղվել։ 1997 թվականին եկա Հայաստան առաջին անգամ, միանգամից կապվեցի։ Կարծես վիրուս լիներ, ու այդ վիրուսը մնաց իմ մեջ, հող գնեցի, այգի դրեցի»։

Վահե Քեուշգուերյանը Հայաստան վերադարձավ բազում գաղափարներով, սկսեց տարբեր նախագծեր՝ մեկը հաջող, մյուսը՝ ոչ այդքան։ Սակայն մշտապես դրական տրամադրվածությամբ ու անսահման լավատեսությամբ շարունակեց ջանքեր գործադրել ու 2011 թվականին հիմնադրեց WineWorks ընկերությունը։ Մտովի տեղափոխվում է անցյալ, հիշում է՝ արտերկրից Հայաստան ճանապարհն այդքան էլ հեշտ չէր, սակայն երազանքին հասնելու ցանկությունն ավելի հզոր էր։

«Դժվար մաս այդքան էլ չկար, ավելի շատ ռիսկի մասն էր։  Ես լավ եմ հիշում այդ օրը։ Տիկինս էր, 11 ամսական զույգ երեխաներս, որոնք դեռ չէին քայլում,  2 շուն, 1 կատու, 10 ճամպրուկ, եկանք, հասանք Իտալիա։ Կնոջս ասի՝ այս օրը պետք է մոռանաս,  դե դժվար էր, երեխաների հետ էինք և այլն, բայց քանի որ վառ էր երազանքը, որ մի բան ես ուզում ստեղծել,  մոռանում ես այդ պահերը»։

Կարաս, Կատարո, Զորահ, Քյօշ, Զուլալ, Օշին. Վահե Քեուշգուերյանը ներգրավվել է տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, սակայն գինեգործությունից զատ զբաղվել է մի շարք այլ նախագծերով՝ EVN Report ամսագիր, Impact Hub, Երևանի գինու ակադեմիա։ Այժմ ևս մեկ կարևոր առաքելություն ունի։ Որպես Արցախի նախագահի խորհրդական՝ լծվելու է զարգացման մի շարք ծրագրերի իրականացման գործին։ 

«Մի կողմից տարբեր կազմակերպություններ ներդրումներ, նվիրատվություն, բարեգործություն են ցանկանում կատարել, մյուս կողմից Արցախի տարբեր գյուղերում, համայնքներում մարդիկ տարբեր կարիքներ ունեն. հիմա նպատակը, այսինքն՝ իմ պարտականությունը դրանք բոլորը համադրելն է»։  

Այժմ ընտանեկան գինեգործական բիզնեսով զբաղվում է դուստրը, որդին ապագա գինեգործ է։ Երկուսն էլ Հայաստանում են, շարունակելու են ապրել ու աշխատել հայրենիքում, իսկ Վահե Քեուշգուերյանը շատ շուտով մշտական բնակության կտեղափոխվի Ստեփանակերտ։ Ասում է՝ մեծ աշխատանք կա անելու, բայց կարևորը, մարդիկ հավատան, հուսալքվելու ժամանակ չկա։