×

Արտադրված է Հայաստանում. Սփյուռքահայների արտադրանքը ներկայացված է նորաբաց Ազգային մոլում

04.03.2021

Հայկական արտադրանքը մեկ հարթակում ներկայացնելու և վաճառելու ծրագիրը արդեն իրականություն է. Ազգային մոլ- ում ներկայացված տեսականին միայն հայկական ծագում ունի և ազգայինը նախընտրողների համար է։ Այստեղ ներկայացված ավելի քան 250 բրենդեր կան, որոնց մի մասն էլ սփյուռքահայ արտադրողինն է։

Դանիել Ղևոնդյան- գործարար

«3-4 տարի է, ինչ մենք կանք շուկայում, իսկ «Ազգային մոլ»- ում լինելը օգնում է խթանել և զարգացնել մեր արտադրության ծավալները, և քանի որ նպատակը միայն հայկական արտադրանքը ներկայացնելն է, դրսից ներմուծված ոչինչ չկա, մենք էլ մեր հերթին որոշեցինք անպայման մեր տաղավարը ունենալ»,- ասաց Դանիել Ղևոնդյանը։ /մաքրել ըստ իմ գրածի/

«Այստեղ ներկայացված է նաև մեր փունջ- փաթեթը, որի մեջ 5 տեսակի մրգեր կան, 100 գրամի փոխարեն գնորդը կարող է վերցնել 300 գրամ տարողությամբ փաթեթը, որի մեջ կան բոլոր տեսակի մրգերը՝ համերի բազմազանություն է և գեղեցիկ՝ սեղանին դնելու համար» ,- ասաց Դանիելը։ 

Դարչինով խնձորի չրից մինչև լոլիկի և նարնջի չիր. հայկական յուրաքանչյուր միրգ և բանջարեղեն կարող է դառնալ Չրենիի գեղեցիկ փաթեթի մի յուրահատուկ համ ու բույր։ Իսկ հայկական արտադրանքի հանդեպ ուշադրությունը միայն հայերի կողմից չէ, այստեղ այցելող զբոսաշրջիկն ու սփյուռքում ապրող հայն էլ կգտնեն իրենց հետաքրքրող մի ապրանք։ 

«Հիմա ամենակարևոր պահն է, որ հայկականին մեծ կարևորություն տրվի, պետության և քաղաքացիների կողմից առավելագույն աջակցություն պետք է տրվի, մինչև ճգնաժամը հաղթահարվի և շարունակենք աշխատել»,- նշեց Դանիելը։ 

Արտադրողներին մեկ վայրում հավաքելու  մտահղացումը սիրիահայ Վանի Նալբանդյանին ևս ոգևորել է, հատկապես, որ հեռանկարում հայկական արտադրանքը արտահանելու միտում կա։

Վանի Նալբանդյանին - հագուստի արտադրող

«Մենք եկանք այն եզրակացության, որ քանի Հայաստանում ենք և հայկական արտադրանք ենք ստեղծում, առաջինը թող լինի Ազգային Մոլ-ում ներկայացված»,- ասում է Վանին։ 

Հագուստի անհատական պատվերների դեպքում էլ Վանին կարևորում է կտորի և դիզայնի ճիշտ ընտրությունը, սակայն գները մատչելի են , որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ընտրության դեպքում գնել հայկականը։ 

«Մենք սկսել ենք «Նոր Արև» կարուձևի արտադրամասով, որը սիրիահայերի հովանու տակ գործող կազմակերպություն է։ Հիմա արտադրում ենք էկո պայուսակներ, բժշկական խալաթներ, և միատեսակ տարազներ, նաև ունենք անհատական արտադրություն մանկական հագուստի»,- նշեց արտադրողը։

Ազգային մոլում կողք կողքի դրված տեղական արտադրանքը ցուցահանդեսի ու վաճառքի համար է, որտեղ կարելի է գտնել թե՛ անհրաժեշտ իրեր, և թե՛ նվերների յուրօրինակ տարբերակներ։