Հայ ժողովուրդը պետք է միասնական լինի. Ֆրանսիայի «Աբովյան» վարժարանի տնօրեն
01.03.2021
Ֆրանսիայի «Աբովյան» վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանն այն կարծիքին է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ծանր իրավիճակ են ստեղծել երկրում, ինչը հաղթահարելու համար նա մի քանի տարբերակ է առաջարկում.
«Մենք մեկ բան կարող ենք անել՝ հավաքել բոլորիս ուժը մեկ կետում։ Այդ կետը դարեր շարունակ կոչվում է հայրենիք, Հայաստան: Մեր համախմբվածությունն է միակ լուծումը նման մարտահրավերից դուրս գալու համար: Հայրենիքի գլխին կանգնած է դամոկլյան սուրը: Հավատք, վստահություն, կամք, վճռականություն. այլ ճանապարհ չունենք, վերջ պետք է տրվի ատելության համատարած մթնոլորտին», - ասաց Խուրշուդյանը:
Ըստ վարժարանի տնօրենի՝ ժողովուրդը պետք է տարբեր ոլորտներում ներդրում ունենա՝ գիտության, տնտեսության, մշակույթի: Նրա խոսքով՝ կարևորագույն ներդրումն այս օրերին հայ ժողովրդի համախմբվածությունն է և ի շահ պետականության աշխատելը:
«Մենք պետք է ունենանք մեկ ուղղություն՝ դեպի մեր պետականություն և հայրենիք, որը մեր անձեռակերտ տաճարն է, որ կարողանանք այն ավելի արժևորված և հզոր փոխանցել գալիք սերունդներին», - ընդգծեց Խուրշուդյանը:
Կարեն Խուրշուդյանը նշեց, որ, անկախ քաղաքական բոլոր դիրքորոշումներից, հայ ժողովուրդը պարտավոր է լինել միասնական: