×

Ուկրաինահայ նկարիչ Բորիս Եղիազարյանը վաճառում է կտավները և օգնում վիրավորված զինծառայողներին

23.02.2021

Բորիս Եղիազարյանի արվեստանոցում լույսը միշտ վառ է։  Ուկրաինահայ գեղանկարիչն օր ու գիշեր նկարում է, կտավները վաճառում ու օգնում պատերազմի հետևանքով վիրավորված զինվորների ընտանիքներին։ 

«Հիմա, քանի օր է՝ գիշերները աշխատում եմ, էլի մոտ 4-5 կտավ եմ սկսել, այս գիշեր էլ մի սիրուն կտավ եմ արել, երկու օրում կավարտեմ, նորից եմ դնելու վաճառքի» - «Հայերն այսօրի» հետ զրույցում պատմեց նկարիչը։

Կտավների վաճառքից գոյացած գումարով արդեն հարյուրավոր ընտանիքներ են օգնություն ստացել։ Ասում է՝ ուրախանում է, երբ Հայաստանից նամակներ ու լուսանկարներ է ստանում։

«Քաղցր շնորհակալության խոսքեր, աղոթքներ են ուղարկում, որ բժշկվեմ, կանայք կան, որ գրում են՝ խնդրում եմ, որ գաս Հայաստան, պիտի գաս հյուր, ես պիտի սեղան գցեմ քո համար» - ասաց նա։

65-ամյա նկարչի մոտ 4-րդ աստիճանի քաղցկեղ է ախտորոշվել, երբեմն էլ նկարելուն խանգարում է հիվանդությունը, հիմա բուժման կուրսեր է անցնում, մի քանի օրից էլ պիտի վիրահատվի։

«Ինձ դրական էմոցիաներ են պետք, բացասական էմոցիան ինձ ճնշում է, խեղդում է, ամեն օր աղթոք եմ անում, Աստծուց խնդրում եմ, որ ինձ ուժ տա, որ դիմանամ։ Ես էս իմ վիճակով աշխատում եմ, մի փոքր գործ եմ անում, ամեն մեկը պիտի վերադառնա իր աշխատանքին, ու ակտիվ աշխատի ամեն օր» - պատմում է Բորիս Եղիազարյանը։ 

Բորիս Եղիազարյանը մինչև 1993 թվականը Հայաստանում է ապրել, հետո տեղափոխվել է Ուկրաինա՝ կնոջ և երեխայի մոտ։ Տարիներ անց կորցրել են միակ դստերը։ Գեղանկարիչը մեծ ճանաչում ունի Ուկրաինայում, նրա նկարները ցուցադրվել են Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում և այլուր: Հիմա աշխատանքները ցուցադրված են Կիևի ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, և տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

Հայազգի նկարիչն ասում է՝ սիրտը Հայաստանում է, կարոտել է ծննդավայր Ապարանը, և ընկերներին։ Արդեն որոշել է՝ առողջանալուց հետո գալու է Հայաստան և մեծ ցուցահանդես է կազմակերպելու: