×

Հայաստանում նոր մարտի 1-եր չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

28.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ մարտի 1-ին, ժամը 18:30-ին` Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել: Նա ընդգծեց, որ այդ օրը սիմվոլիկ է և այդ հանրահավաքով պետք է վերահաստատեն ժողովրդի պատրաստակամությունն ու հաստատակամությունը՝ պաշտպանելու ժողովրդավարությունն ու քաղաքացիական, քաղաքական, սահմանադրական կարգը Հայաստանում:

«Սա շատ կարևոր արձանագրում է, որ խոսքը ոչ թե իմ, մեր իշխանության պաշտպանության, այլ ժողովրդի իշխանության մասին Է: Ես Հայաստանում, որպես այդպիսին, իշխանություն չունեմ: Իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է ինչ-որ մի ժամանակով այդ իշխանությունն ինձ, ինքը կորոշի՝ որքան ժամանակով: Եվ հետևաբար, վաղվա հանրահավաքի առաջին կարևորագույն իմաստը ժողովրդական, քաղաքացիական, սահմանադրական իրավունքը և կարգը պաշտպանելու հաստատակամությունն ի ցույց դնելու մեջ է», - ասաց վարչապետը:

Վարչապետն ասաց, որ այս անգամ էլ փորձ է ստեղծվում քաղաքացիական բախումների, մարտի 1-երի մասին խոսելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում նոր մարտի 1-եր չեն լինելու, բախումներ չեն լինելու.

«Երբ որ հանրության ճնշող մեծամասնությունը գտնում է, որ մեզ համար բախումների էջը փակված է անդառնալիորեն՝ այն իմաստով, որ կրկնություն չի լինելու, դա ամենամեծ երաշխիքն է», - ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի, իրենք Հայաստանում թշնամիներ չունեն և բոլորը՝ անկախ այս պահին ունեցած իրենց հայացքներից, քույրեր և եղբայրներ են: Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Մարտի 1-ի դատավարությանը, ռազմական հեղաշրջման փորձին և երեկ ՀՀ նախագահի կայացրած որոշմանը.

«Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակ անհիմն է, որևէ իրավական հենք չունի: Այդ արձանագրումից հնարավոր է՝ հետևություններ արվեն: Կանդրադառնանք նաև Բարձրագույն դատական խորհրդի խնդիրներին, որովհետև ամիսներ առաջ գրեթե նույնպիսի անթույլատրելի հայտարարությամբ հանդես եկավ ԲԴԽ նախագահը, սա ևս անդրադարձ կատարելու փաստ է», - ասաց վարչապետը:

Հանրահավաքին կհրավիրեն նաև որոշ քաղաքական ուժերի ևս, կառաջարկեն նրանց ներկայացուցիչներին ելույթ ունենալ: Հանրահավաքը կավարտեն երթով: