Ավստրալիայի կառավարությունն ընդգծել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը
23.02.2021
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը վերահաստատել է Ավստրալիայի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, կարևորել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», այն համարելով 3 հիմնական սկզբունքներից մեկը՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման հասնելու համար։ Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և ավստրալիահայ համայնքի նամակին պատասխանելով՝ նախարար Փեյնը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը և ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Հելսինկիի եզրափակիչ որոշումների դրույթները՝ ուժ կամ սպառնալիք չկիրառել, պահպանել տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է. «Ավստրալիահայ հայ համայնքի համար կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահ 3 երկրների հետ գլխավորի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու բանակցությունները։ Խիստ կարևոր է, որ Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը հարգվի։ Պետք է սկսել ռազմական և քաղաքացիական բոլոր գերիներին վերադարձնելուց, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել։ Ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ղեկավարող Ադրբեջանական ուժերը պետք փոխարինվեն խաղաղապահ ուժերով, քանի դեռ դիտավորյալ չի վերացվել հայկական մշակութային և կրոնական բոլոր հուշարձանները»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը նշել է, որ ավելի քան 3 հազար ավստրալիացիներ ստորագրել են Ավստրալիայի խորհրդարանին ուղղված նամակը, որով կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը, այն համարելով տարածաշրջանի բնիկ հայերի անվտանգությունն ապահովելու միակ միջոցը։
Աղբյուր՝ asbarez.com