×

Կառավարության նիստը՝ 3 րոպեում

18.02.2021

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսությունը ճգնաժամից վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս։ Ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոս։

«Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը, կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծեց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտ 904 միլիոն դրամ է հատկացվելու տնտեսության մի քանի ճյուղերի։ Այդ ցուցակում են տուրիստական ընկերությունները, գումար կհատկացվի նաև կոնյակի և սպիրտի արտահանման համար։ Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք կոնյակի, սպիրտի արտահանման ծավալներն արդեն իրականացվել են.

«Այո, սա անցած տարվա արտահանման տուրքի փոխհատուցումն է, այս տարվա համար 900 միլիոն դրամ ենք հատկացնելու, որը 9 միլիոն լիտր կոնյակտի սպիրտի արտահամանն ուղղված ծրագիր է», - ասաց նախարարը։

Շուռնուխում նոր թաղամաս կկառուցվի։ Կառավարությունն այս մասով 470 մլն դրամ հատկացրեց։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ արդեն սկսվել են թաղամասի հատակագծման աշխատանքները.

«Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն ու ճանապարհ՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, և երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ  հիմնել», - ասաց նա։

«Շատ կարևոր է, որ մենք ունենանք այսպիսի կոնկրետ որոշումներ, որոնց իրագործումը տեսանելի և շոշափելի կլինի մարդկանց կյանքում, կփոխի շատ կոնկրետ իրավիճակ և Սյունիքի մարզի մեր հայրենակիցները կզգան, որ կառավարությունը կանգնած է իրենց կողքին», - ընդգծեց վարչապետը։

Կառավարությունը նաև հաստատեց Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն տրամադրելու կարգը։ Սա նշանակում է, որ Արցախի բոլոր քաղաքացիները, բացի 18-63 տարեկան տղամարդկանցից, ովքեր չունեն հաշմանդամություան խումբ, յուրաքանչյուր ամիս կստանան 68 հազար դրամ։

«Այս աջակցության չափը, եթե Արցախի միջին վիճակագրական ընտանիքը վերցնենք, մոտ հինգ հոգանոց, հաշվի առնելով կենսաթոշակը մոտ 320 հազար դրամ աջակցություն է տրամադրվում ընտանիքին», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի շրջանակում կառավարությունն ընդհանուր առմամբ 18 աջակցության միջոցառում է ընդունել։ Արցախահայության աջակցությանը մինչև օրս ուղղվել է 61 մլրդ դրամ։ Փաշինյանը նկատեց, որ վիրավորված զինծառայողների աջակցությունն անհրաժեշտ տեմպով առաջ չի ընթանում։ Նա հայտարարեց, որ պետք է ավելի ինտենսիվ զբաղվել՝ ծրագիրն ամբողջացնելու և օգնելու անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներին։