×

«Կառուցենք Հայաստանը նորովի». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ

17.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ և խորհրդակցություն անցկացրել՝ առաջիկա ծրագրերը քննարկելու վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սինխրոն գործունեությունը՝  հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացն ապահովելու համար. «Մենք հիմա պետք է ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և իսկապես փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս»։

«Կառուցենք Հայաստանը նորովի». Փաշինյանը հայտարարեց, որ այս կարգախոսը պետք է շարունակել իրագործել և Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցել նորովի: Այնուհետև Շիրակի մարզպետը և փոխմարզպետերը ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքները և իրականացված ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը և  պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Նախնական տեղեկություններով՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը նաև փակ հանդիպում կունենա հայ ռազմագերիների հարազատների հետ։