×

Աշխարհահռչակ հույն երաժիշտ Յաննիի նվագախմբի հայ ջութակահարը Ս պատմել է Հայաստանում անցկացրած տարիների մասին

11.02.2021

Սիրելի Երևանն է հուշերում։ Շատ է կարոտում հայրենիքը, հայերին։ Ամերիկահայ տաղանդավոր  ջութակահար Սամվել Երվինյանը մանկության ու պատանեկության լավագույն տարիներն է թողել Հայաստանում, իսկ 2002 թվականին մեկնել ԱՄՆ՝ մեծ նպատակների հետքերով։ 

«Ամեն հայի համար էլ Հայաստանը թողնելը դժվար է, բայց ինձ համար այն արդեն փոքր էր՝ երաժշտության, կարիերայի իմաստով։ Հայրենիքը լքելու հիմնական պատճառը դա էր, և ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի», - ասում է Սամվելը։ 

Հարազատները դեռ մանկուց էին զգում Սամվելի սերը երաժշտության հանդեպ։ 3 տարեկանում արդեն երգում էր, մի քանի տարի անց սկսեց դաշնամուր ու ջութակ նվագել։ 

«Ուզում էին՝ դաշնամուր նվագեի։ Ընդունվեցի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, բայց ջութակի բաժինը, ինչը տարօրինակ էր, որովհետև ջութակի գնահատականները պետք է որ ավելի ցածր լինեին, քան դաշնամուրի դեպքում։ Դե, ջութակը ավելի դժվար գործիք է։ Ինչևէ, ինձ ընդունեցին ջութակի բաժին այն պայմանով, որ ծնողներս համաձայնեցին՝ մի տարի գնայի ջութակի, հետո կտեղափոխվեի դաշնամուրի բաժին», - նշում է ջութակահարը։

Սամվել Երվինյանի համար սա ճակատագրական պատահականություն էր, քանի որ այսպես կանխորոշվեց հանրաճանաչ երաժշտի հետագա ուղին։ Առաջին անգամ վերցրեց ջութակն ու հավերժ կապվեց հնչյուններին։ 

«Իմ բախտը բերեց, որ ես ընկա իմ առաջին ուսուցչի՝ Արմեն Մինասյանի մոտ, հանճարեղ մի անձնավորություն, ում ես երախտապարտ եմ։ Ես չտեղափոխվեցի դաշնամուրի բաժին, նա ինձ մոտ մեծ սեր առաջացրեց ջութակի հանդեպ»,- պատմում է նա

Իսկական երաժիշտ լինելու համար պետք է ապրել ու մտածել որպես երաժիշտ, սիրել գործիքն ու այն հնչյունները, որոնք մեծ ասելիք ունեն հանդիսատեսին։ Հենց այս մտքով դեռևս 1993 թվականից սփյուռքահայ երաժիշտը բարձրացել է համաշխարհային բեմեր ու գրավել շուրջ 52 երկրի հանդիսատեսի։ Հայաստանում ևս բազում համերգներ է ունեցել, որոնք մշտապես ուղեկցվել են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու լավ տրամադրությամբ։ Հատկապես տպավորվել է վերջինը՝ 2018 թվականին։ 

«Իմ Երևանի համերգը շատ լավ անցավ, թող նրանք բոլորը իմանան, որ ես նրանց շատ եմ սիրում։ Այդ օրը նրանք ապացուցեցին, որ մենք դեռ կարողանում ենք երաժշտություն լսել», - ասում է Սամվելը։

Սամվել Երվինյանը տարիներ շարունակ համագործակցում է աշխարհահռչակ հույն երաժիշտ Յաննիի հետ։ Նվագախմբի վերջին համերգը եղել է Մեխիկոյում, դեռ շատ համերգներ են ծրագրել միասին։ Սահմանները բացվելուն պես շարունակելու են շրջագայությունները։ Իսկ մինչ այդ, ջութակահարը ստեղծագործում է սեփական ստուդիայում, իր երաժշտությունն է գրում, չի մոռանում ամեն օր նվագել սիրելի Բախի ստեղծագործություններից։ 

«Ես շարունակում եմ հմտանալ տան պայմաններում, բայց երաժիշտը պետք է դուրս գա բեմ, որովհետեւ այդ վիճակը, կոնտակտը հանդիսատեսի հետ, ձայները լրիվ այլ զգացողություն են։ Բեմը ուրիշ է։ Շատ եմ կարոտում իմ հանդիսատեսին՝ առաջին հերթին, Երևանի հանդիսատեսին», - ասում է նա։

Սամվել Երվինյանի կինը նույնպես երաժիշտ է, իսկ ավագ որդին նվագում է հարվածային գործիքներ։ Ընտանիքում պահպանում են հայկականը, տեղի հայերի հետ էլ շատ մտերիմ են։ Ասում է՝ Հայաստանում չկա նման վայր, որ չսիրի ու չկարոտի, բայց ամենաշատը կարոտել է մարդկանց։ Եթե սահմանները բաց լինեին, վաղուց կլիներ հայրենիքում։