×

Ֆրանսահայ լրագրողը ստեղծել է առաջին հայ- ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքը

16.02.2021

Հայրենիքից հեռացավ, բայց չմոռացավ հայկական մշակույթի և լեզվի կարևորության մասին. Նարե Թադևոսյանը դեռ մի քանի տարի առաջ տեղափոխվեց Ֆրանսիա՝ երազելով դառնալ լրագրող և ունենալ իր հայերեն հաղորդումները։ 

«Ֆրանսիա գալիս շատերը լինում են փնտրտուքի մեջ և ես էլ բացառություն չէի։ Մասնագիտությամբ անգլերեն-իսպաներենի թարգմանիչ եմ և աչքի ծայրով միշտ հետևում էի լրագրությանը։ Երբ եկա այստեղ, ամուսինս այդ ոլորտում էր և ինքնաբերաբար սկսեցի աշխատել որպես լրագրող»,- ասաց Նարե Թադևոսյանը։ 

Լինելով նպատակասլաց և ստեղծագործող՝ Նարեն որոշեց ստեղծել առաջին հայ- ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքը Ֆրանսիայում։

«Մենք սկսեցինք ամենապարզ ճանապարհով. ստեղծեցինք հայ- ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիք՝ «Arménie Info» անունով՝ տեղեկատվություն Հայաստանից։ Հեռուստաալիքը հայերեն է, որոշ հաղորդումներ էլ ֆրանսերեն են։ Ներկայացնում ենք մշակութային, ինչու չէ նաև քաղաքական անցուդարձը, որը անմիջականորեն կապ ունի Հայաստանի և հայերի հետ։ Նաև մի քանի հաղորդումներ ենք անում համագործակցելով Հայաստանի մասնագետների հետ և իրավիճակը այստեղ ենք ներկայացնում»,- նշեց Նարեն։ 

Հեռուստաալիքը շատ կարճ ժամանակում սիրվեց ֆրանսիացիների և տեղի ֆրանսահայերի կողմից, և սա էլ մի նոր մոտիվացիա դարձավ Նարեի համար, որ ստեղծի արդեն խոհարարական հաղորդումների նոր շարք։ 

«Այդպես էլ եղավ գաղափարը, որ ես պետք է ստեղծեմ մի հաղորդաշար, որի շրջանակներում ես գնում եմ հյուր` սփյուռքահայ ընտանքիներին և բացահայտում ենք  իրենց տատիկից փոխանցված բաղադրատոմսերը։ Հաղորդումը կոչվում է «Մեծ մայրիկիս բաղադրատոմսերը», - ասաց Նարեն։

Շարունակելով կարևորել հայկականը և դրա մասին բարձրաձայնելը՝ Նարեն և իր ամուսինը ֆրանսահայ հանդիսատեսի դատին հանձնեցին «Հայաստանի գանձերը» գիտաճանաչողական ֆիլմը։ Դրական արձագանքներից հետո նկարահանվեց 2-րդ երկլեզու ֆիլմը՝ այս անգամ հայ- ֆրանսիական համագործակցության արդյունքում։ 

«Այն գիտաճանաչողական ֆիլմ է, որը դիտելիս գաղափար կկազմես, թե ով է հայը իր մշակույթով, քաղաքակրթությամբ։ Բավականին մեծ հաջողություն ունեցանք, ավելի քան 40 ցուցադրություններ եղան Ֆրանսիայում, Կանադայում, Բելգիայում»,- նշեց Նարե Թադևոսյանը։ 

Հայրենիքից հեռու լինելով էլ Նարեն ստեղծագործում է հայերեն։ Նա ամեն շաբաթ Հանրային հեռուստաընկերության Լուրեր հաղորդման ժամանակ պատմում է սփյուռքյան նորությունները։ Նրա համար ամենակարևորը հայապահպանությունը խթանելն ու դրսում հայկական մշակույթը լիարժեք ներկայացնելն է։