Հայաստանի ազգային գրադարանին են փոխանցվել «Ազդակ» օրաթերթի թվայնացված տարբերակները
16.02.2021
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել 1927 թվականից առ այսօր օրաթերթի թվայնացված հավաքածուները, ներառյալ հավելվածները։ Ինչպես տեղեկացնում է «alikonline.ir»-ը, այս առիթով Հայաստանի ազգային գրադարանի և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջև ստորագրվել է հուշագիր։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշել է, որ համագործակցության շրջանակում «Ազդակ»-ի 100-ամյակին՝ 2027 թվականին, Ազգային գրադարանը կունենա «Ազդակ»-ի մատենագիտությունը։
«Հույս ունենք, որ սա կլինի նախադեպ սփյուռքի մամուլի հետ աշխատելու համար»,- շեշտել է Չուլյանը։
Օրաթերթի գլխավոր խմբագիրն էլ կարևորել է թվայնացված նյութերի փոխանցումը Հայաստանին, քանի որ Միջին Արևելքի տարածաշրջանում լույս տեսնող պարբերականները վտանգված են նաև պատերազմի պատճառով։
«Դա պահպանման ամենապրոֆեսիոնալ ձևն է»,- ասել է Շահան Գանտահարյանը և հավելել, որ այս հսկայական նյութի մատենագիտության պատրաստությունը շատ օգտակար կլինի մամուլի ուսումնասիրության և սփյուռքի պատմության գիտահետազոտողների համար։
Աղբյուր՝ alikonline.ir