×

Հայկական եկեղեցիներում նշվում է Սրբոց Վարդանանց տոնը

11.02.2021

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Սրբոց Վարդանանց տոնը: Այդ առիթով Սուրբ պատարագ է մատուցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական մյուս եկեղեցիներում։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել տոնի առթիվ. «Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ: Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում»։

Սուրբ պատարագ է մատուցվել նաև Անթիլիասի Մայր տաճարում, որի ժամանակ Արամ Ա Վեհափառ Հայրապետը մաղթանք-աղոթք է կատարել՝ հիշատակելով Վարդանանց տոնի խորհուրդը։