×

Ինչպե՞ս են տոնել Տյառնընդառաջը սփյուռքում

14.02.2021

Տյառնընդառաջ, Տրնդեզ, Տանդառեջ և այլ բազմաթիվ անուններով հայերին հայտնի այս տոնն ամեն տարի՝ փետրվարի 13-ին, նշում է Հայ առաքելական եկեղեցին։ Տյառնընդառաջը տոնում են ինչպես Հայաստանի եկեղեցիներում, այնպես էլ սփյուռքի հայ համայնքներում։

Հալեպի «Կարեն Եփփե» ազգային ճեմարանում Տյառնընդառաջը տոնել են ազգային պարերով և երգերով։ Ճեմարանի անդամները բակում խարույկ են վառել և դրա շուրջ մասնակիցներին բացատրել տոնի հեթանոսական ու քրիստոնեական իմաստն ու օրվա խորհուրդը։

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցին ևս տոնել է Հիսուսին տաճարին ընծայաբերելու օրը։ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու բակում հոգևորականները վառել են տոնական խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Մոսկվայի ցուրտ և ձյունախառն եղանակը նույնիսկ չի խանգարել քաղաքացիներին՝ միանալու եկեղեցու կազմակերպած տոնակատարությանը։ 

Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի Հայոց թեմի եկեղեցիներում Տյառնընդառաջը տոնել են հստակ խորհրդով՝ խաղաղությունը պետք է փնտրել Քրիստոսի մոտ և ավանդապահ լինել։ Օրվա խորհուրդը ներկայացվել է նաև Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արարողության ժամանակ՝ թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանի գլխավորությամբ։

Քուվեյթի ազգային առաջնորդարանը Տյառնընդառաջի տոնական արարողությունն անցկացրել է Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Եկեղեցու անդամները թափորով դուրս են բերել Քրիստոսի լույսը խորհրդանշող ճրագը, որով էլ եկեղեցու բակում վառել են ավանդական խարույկը։