×

Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին

27.01.2021

Հատուկ ալգորիթմների միջոցով «3dzook» ընկերության հավելվածում ներբեռնված լուսանկարներն ստանում են իլյուստրացիոն տեսք։ Եթե նախկինում ընկերության աշխատակիցներն էին ձեռքով նկարում, տպագրում ստացած պատվերները, հիմա այն անում է արհեստական ինտելեկտը։

«Մեկ տարի տևեց մինչև պատրաստեցինք այդ ալգորիթմը, սկսեցինք կիրառել այն և մեր ուղղվածությունը թեքեցինք դեպի ՏՏ ոլորտ», - պատմում է «3dzook» ընկերության համահիմնադիր Ագաթա Բադալյանը։

Ինչից հետո էլ մասնակցեցին «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին և հաղթողներից մեկը ճանաչվեցին։ Ծրագիրն իրականացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Իրականացման շրջանակներում հենված է գիտական միտքը և տեխնոլոգիական հնարավորությունները, սփյուռքը և Հայաստանը։ Նպատակն է՝ գիտության, տեխնոլոգիաների կամուրջներ ստեղծել Հայաստանի և ամբողջ աշխարհի միջև՝ սկսած Սիլիկոնյան հովտից մինչև Սինգապուր և արաբական երկրներ», - «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը։

Հաղթող ընկերությունները 15-ն են, որոնց ընտրել է Սիլիկոնյան հովտում ստեղծված հանձնաժողովը։ Ծրագրին դիմելու պահանջները բարդ էին և համապատասխանում էին միջազգային չափանիշներին.

«7 խումբ հարցեր ունեինք, թե թիմը քանի հոգուց է բաղկացած, յուրաքանչյուր անդամ որքանով է ներգրավված տվյալ ծրագրում և շատ կարևոր հարց էր, թե հաղթելուց հետո Հայաստանում ի՞նչ ներդրում կունենան տնտեսության զարգացման համար», -ասաց ՀՀ ԲՏԱ նախարարի օգնական Ինգա Վարդանյանը։

Հաղթող ընկերությունները հունվարի 28-ին իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին, սփյուռքահայ մասնագետներին։ Հավանության արժանացած ընկերությունները կստանան ներդրումներ։ Ծրագիրն առաջիկայում նաև հնարավորություն կտա 45 հայ ձեռներեցի մասնագիտանալ «Դրեյփերի» համալսարանում և Սիլիկոնյան հովտում։