×

Նոր վիրտուալ հարթակ՝ սփյուռքի մասին. վերագործարկվել է «Հայերն այսօր» կայքը

10.02.2021

Հայաստանը սփյուռքին կապող թարմացված տեղեկատվական-լրատվական հարթակ՝ նոր բովանդակությամբ և հնարավորություններով. շուրջ 6 ամիս տևած աշխատանքներից հետո վերագործարկվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» սփյուռքի բաժնի «Հայերն այսօր» կայքը: Փետրվարի 10-ին Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ կայքի նոր տարբերակի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր սփյուռքից։

Բացման խոսքով ելույթ ունեցավ բաժնի ղեկավար Լյուսի Վանա Կարապետյանը։

«Հարթակը գործել է դեռևս Սփյուռքի նախարարության օրոք և հասցրել է շատ սիրելի դառնալ մեր սփյուռքահայ հայրենակիցների համար։ Նախորդ տարվա օգոստոսից, երբ ձևավորվեց բաժինը, որոշեցինք «Հայերն այսօրին» տալ նոր շունչ ու տարբերվող բովանդակություն։ Դա դարձավ մեր թիմի երազանքը, որն արդեն իրականություն է։ Պահպանելով անունը և ձևաչափը՝ նոր լուծումներով, նոր դեմքերով ստեղծեցինք լիովին նոր, քառալեզու կայք։ Ավելացրել ենք նաև արևմտահայերենը՝ մեծ կարևորություն տալով դրա պահպանմանը»,- ասաց բաժնի ղեկավարը՝ ընդգծելով հավաստի և արժանահավատ լրատվական հարթակի  կարևորությունը սփյուռքում ներկայիս փխրուն տեղեկատվական հոսքի ժամանակաշրջանում։ 

ԱԺ պատգամավոր, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը ևս կարևորեց վերագործարկված տեղեկատվական հարթակի առաքելությունը Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման գործում։

«Ուրախությամբ պետք է ասեմ, որ «Հայերն այսօրը», որպես օբյեկտիվ տեղեկատվական աղբյուր, ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում լինելու  է յուրօրինակ հարթակ թե՛ սփյուռքյան, թե՛ ներհայաստանյան շրջանակների համար։ Այն նաև կարևոր առաքելություն ունի Հայաստանի և սփյուռքի զանգվածային լրատվամիջոցների կապերի ամրացման և զարգացման գործում»,- նշեց ԱԺ պատգամավորը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հատկապես ոգևորել է արևմտահայերենի կիրառման գործոնը, քանի որ բացի արևելահայերենից, ռուսերենից և անգլերենից՝ կայքի բովանդակությունը մատուցվելու է նաև արևմտահայերեն։ 

«Այսօր ավելի, քան երբեք կարևոր է սփյուռքի դերը, և որ կապերը ամուր լինեն։ Եկեք ընդունենք, որ կան շատ հանգամանքներ, որոնք այդ կապերը կա՛մ քայքայում են, կա՛մ թուլացնում։ Իսկ օբյեկտիվ, ճիշտ տեղեկատվության պակասը դրանում մեծ դեր է խաղում։ «Հայերն այսօրը» մեծ ու կարևոր առաքելություն ունի, որովհետև կարող է լինել այդ հնարավորությունը՝ լրացնելու բացը և դրանով իսկ մեծ դեր խաղալու Հայաստան-սփյուռք կապերի առողջացման, ամրապնդման և երկարատևության ապահովման գործում»,-ասաց նա։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ իր հերթին շնորհավորելով կայքի վերագործարկման կապակցությամբ՝ նշեց, որ նախարարությունը սերտ և անմիջական համագործակցություն է ունենալու «Հայերն այսօրի» թիմի հետ։

«Կրթության, գիտության, մշակույթի, ինչու չէ, երիտասարդության և սպորտի հարցերով սփյուռքի հետ համագործակցության հարցերում օգտվելու ենք հարթակից և այն օգտագործելու ենք որպես կարևորագույն աղբյուր սփյուռքի  հետ երկխոսությունը աշխուժացնելու, գործընկերությունը ամրապնդելու համար։ Սա շարունակական գործընթաց է, և նոր ռեսուրսների ներգրավումը կարևոր է հատկապես այսօրվա մարտահրավերների պայմաններում»,-ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը։

Միջոցառման ավարտին Սփյուռքի բաժնի ղեկավարի տեղակալ Վիտալի Գրիգորյանը մանրամասնորեն ներկայացրեց կայքի վերաթարմացված տարբերակն իր բաժիններով և ենթաբաժիններով, որում տեղադրված նյութերը պատմում են Հայաստանի, Արցախի ու սփյուռքի կյանքի, Հայաստանի գրավչությունների, հաջողակ ու ստեղծագործ դեմքերի, ինչպես նաև հայրենադարձության հնարավորությունների ու խնդիրների մասին: