×

Սփյուռքի ներուժն օգտագործվում է Հայաստանի ՏՏ ընկերություններում. իրանահայ Վահագն Սարգսյանը հայրենիքում է

03.02.2021

Այն, ինչ Հայաստանի մասին լսել է ընտանիքում ու կարդացել գրքերում, այժմ իրական է, տեսնում է սեփական աչքերով։  Վահագն Սարգսյանը ծնվել ու մեծացել է Իրանում, սակայն 2 տարի առաջ մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվեց Հայաստան։

«Առաջին անգամ, որ եկա Հայաստան 2000 թվականն էր, դրանից հետո մի քանի անգամ էլի եղել եմ, բայց կարճատև։ Ու ամեն անգամ, որ գալիս էի, ավելի  էի համոզվում, որ ուզում եմ տեղափոխվել ու ապրել այստեղ»,-ասում է հայրենադարձ Վահագնը։

Որոշել էր սկզբնական շրջանում չաշխատել ու վերջապես իրականացնել երազանքը՝ ճամփորդել Հայաստանի քաղաքներով, սակայն հանդիպեց Krisp հայկական ընկերության նախագահին և միանգամից աշխատանքի առաջարկ ստացավ։

«Ես մասնագիտությամբ մարքեթինգով եմ զբաղվում արդեն ավելի քան 10 տարի և՛ Հայաստանում, և՛ Իրանում։  Այս ընկերությունում աշխատելը 2 տեսանկյունից է հաճելի։ Նախ զգում եմ, որ մի բան փոխվում է աշխարհում, քանի որ միլիոնավոր օգտատերեր են օգտագործում պրոդուկտը, ու նաև զգում եմ՝ ինչքան է այն օգնում մեր երկրի զարգացմանը։ Մարդիկ տեսնում են, որ Հայաստանից կարելի է համաշխարհային ընկերություններ ստեղծել, ավելի են ոգևորվում, հույսով լցվում ապագայի նկատմամբ»,-նշում է նա։

Ասում է՝ եթե որոշել ես վերադառնալ հայրենիք, ընտրել ես Հայաստանը որպես մշտական բնակության երկիր, ապա այն պետք է ընդունես իր լավ և վատ կողմերով։

«Առաջին բանը, որ որպես սփյուռքահայ զգում եմ Հայաստանում, պատկանելիության զգացողությունն է։ Մի բան, որ դժվար թե ուրիշ տեղ կարողանամ գտնել ու զգալ։ Չնայած Իրանում եմ ծնվել, մեծացել, սիրում եմ երկիրն ու ժողովրդին, բայց այն ամենը, ինչ լսել ու կարդացել եմ, այստեղ գալով  ավելի շատ եմ զգում, կապվում երկրի, անցյալի, ժողովրդի հետ։ Կարծում եմ՝ դրանից ուրիշ տեղ չկա»,-ասում է Վահագնը։

Հասցրել է կարոտել իրանահայ համայնքը, աշխույժ հայկական կյանքն ու այնտեղ թողած ընկերներին։ Նրանցից շատերը ևս որոշել են վերադառնալ Հայաստան։ Շուտով կրկին կհանդիպեն ու Հայաստանով ճամփորդելու երազանքը միասին կիրականացնեն։