×

Հայկական Krisp ընկերությունը մշակում է աղմուկը վերացնող տեխնոլոգիա

01.02.2021

Ամերիկայից Հայաստան՝ տեխնո-ընկերություն ստեղծելու և հայրենիքը զարգացնելու տեսլականով։ Krisp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը 3 տարի առաջ որոշեց ընտանիքի հետ վերադառնալ և հաստատվել Հայաստանում։

«Ես ծնվել եմ Երևանում և 25 տարի աշխատել եմ Երևանում, հետո աշխատանքի հրավերով գնացել եմ Ամերիկա, այնտեղ մոտ 9 տարի բնակվել եմ ընտանիքիս հետ, առաջնեկս այնտեղ է ծնվել։ Աշխատել եմ Սիլիկոնյան հովտում։ Ես էլ, կինս էլ գործունեություն ենք ծավալել տեխնոլոգիաների ոլորտում, այսինքն՝ բավականին լավ կարիերա, ֆինանսապես ապահովված կյանք ենք ունեցել այնտեղ»,-ասում է Դավիթ Բաղդասարյանը։

Որոշումը դժվար էր, քանի որ Ամերիկայում թողնում էին հաջողակ կարիերա, մեծ ֆինանսներ, սակայն գիտակցում էին՝ կատարյալ երջանկության համար ուզում են շրջապատված լինել հայերով ու հայկական մշակույթով։

«Գիտեի, որ այն ընկերությունից, որտեղ աշխատում եմ, պետք է դուրս գայի, իսկ այդ դեպքում մեծ գումարներ էին կորելու։ Շատ մեծ գումարների մասին էր խոսքը, բայց մեծ էր վերադառնալու ցանկությունը, արդեն այնքան էինք խեղդվում այնտեղ։ Ու իրականում դա մեր ամենալավ որոշումներից եղավ»,-նշում է ընկերության տնօրենը։

Դավիթը տարբեր նպատակներ ուներ, սակայն ճակատագրի բերումով ծանոթացավ ապագա գործընկերոջ հետ և միասին որոշեցին հիմնել Krisp ընկերությունը, որը մեծ ճանաչում է վայելում Հայաստանում և արտերկրում։ Ընկերությունն ունի գիտահետազոտական լաբորատորիա, որը հավակնում է դառնալ համաշխարհային կենտրոն։

«Krisp-ը ստեղծման գաղափարն այն էր, որ մենք ստեղծենք տեխնոլոգիա, որ հանում է աղմուկը զանգերի խոսակցությունից, օգտագործել ենք մեքենայական ուսուցման, արհեստական բանակության տեխոլոգիաները։ Ու շատ բան չիմանալով այդ ոլորտի մասին՝ կարողացանք դա ստեղծել ու մեծ ճանաչում ստացանք աշխարհում տարբեր ոլորտներից։ Ու ես հորդորում եմ բոլորին չսպասել, օդից ոչինչ չի փոխվելու, այլ մարդիկ ինքնուրույն պետք է սկսեն դա անել ու հետո հպարտանան, որ արել են։ Դրանից մեծ զգացողություն չկա»,-վստեցնում է նա։

Դավիթ Բաղդասարյանը վստահ է՝ պետք է ապրել այնտեղ, որտեղ ոչ միայն կարելի է մտածել լավ կյանք կառուցելու, այլև մեծ, ազդեցիկ գաղափարների և դրանց իրականացման մասին։ Krisp-ը ստեղծվել է հենց նման մեծ գաղափարի հիման վրա և շարունակում  միջազգային նոր շուկաներ գրավել՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։