×

Իրանահայ հայրենադարձը Հայաստանում չրի բիզնես է սկսել

29.12.2020

Հայկական բառարաններում նոր բառ է ավելացել. «Չրենի»։ Իրանահայ Դանիել Ղևոնդյանը Հայաստանում չրի բիզնեսով է զբաղվում, գործարանն էլ հիմնել է Արզնիում։

«Պատկերացրեք՝ տեսնեք ծառի վրա չիր է դարձել միրգը, քաղեք, ուտեք։ Այդ իմաստով է «Չրենի» անվանվել։ Անունն էլ կինս է որոշել», - պատմում է Դանիելը։

Նրա խոսքով՝ Իրանում չիր պատրաստում էին տնային պայմաններում։ Այն չիրը, որը սովոր էին ուտել դեռ մանկուց, Հայաստանում չգտան. «Որոշեցինք չորացնել այն մրգերը, որոնք աճում են Հայաստանում։ Շուկայից հազվադեպ ենք միրգ վերցնում, հիմնականում փորձում ենք այգուց վերցնել, որ իմանանք՝ այղբյուրը որտեղից է»։

«Չրենին» մթերման սեզոնին մինչև 15-16 աշխատող է ունենում։ Աշխատանքի առաջին օրվանից հստակ պայման ունեին՝ չօգտվել թունաքիմիկատներից և հիմնային նյութերից։ Աշխատանքն սկսում են սենյակն ախտահանելով, հետո լվանում են բերքը, կտրատում, ջրազրկում և տեղափոխում չորանոցներ. «Մարդիկ ուտում, ասում են՝ որքա՜ն տարբեր է, մինչև հիմա այսպիսի չիր չեմ կերել։ Եվ դա մեր կարգախոսն է՝ զգա տարբերության համը»։

Դանիել Ղևոնդյանի խոսքով՝ նպատակ ունեն ապրանքի փաթեթավորումն ավելի ամուր դարձնել՝ պահպանման խնդիրներ չունենալու համար։ Ինչից հետո էլ կաշխատեն արտահանման ուղղությամբ։