×

Ռոքն ու պարսկական գորգերը. Անդրե Սիմոնյանը նորովի կներկայանա իր հանդիսատեսին

16.01.2021

Թե ինչպես սկավառակը կարող է ինտերակտիվ լինել, գիտի Անդրե Սիմոնյանը։ Արդեն 1 տարի Անգլիայում բնակվող երգիչը տևական դադարից հետո նոր ծրագրով կներկայանա իր երկրպագուներին։ Սա այն բանից հետո, երբ ինքն ու The Beautified Project խումբը երկար ժամանակ աշխատանքային դադարի մեջ էին։

«Այդպիսի բան երբեք չեմ լսել, որ որևէ մեկն արած լինի, բայց փակագծերը չեմ բացի, թե ինչպես սկավառակը կարող է ինտերակտիվ լինել։ Այն կթողարկեմ 2021 թվականին։ Իսկ դրանից հետո մտադիր եմ աշխատել The Beautified Project- ի ուղղությամբ, որովհետև այս մեկ տարվա մեջ կարողացել եմ գրել The Beautified Project- ի ամենամութ և ամենահետաքրքիր մեղեդային ալբոմը»,- ասաց Անդրե Սիմոնյանը։

Անդրե Սիմոնյանը երգիչ լինելուց բացի նաև պրոդյուսեր է։ Վերջին տարիների ըթնացքում հասցրել է նկարահանել դուետների ալբոմներ։ Համավարակն ու վրա հասած պատերազմը խնդիրներ են ստեղծել նաև երգարվեստի ոլորտում։

«Շատ բարդ տարի էր, իմ բախտը բերել է, որ ռոք ոլորտից եմ, երբեք ֆինանսապես չեմ հենվել իմ երաժշտության վրա, որովհետև այն համարվել է նկուղային արվեստ Հայաստանում։ Քանի որ ռոք երաժշտությամբ չես կարող ապրել Հայաստանում, ես կողքից աշխատանք եմ ունեցել»,- նշեց Անդրեն։

Երգիչը Startup նախագիծ է սկսել, որը կապ չունի երգելու հետ։ Գորգերի հանդեպ սերը, որը հոբբի էր, դարձել է բիզնես։

«Ես այստեղ իմ ընկերներից մեկի հետ startup նախագիծ ունեմ, որը պարսկական գորգերի հետ է կապված և դրանց մշակման. տատիկս շատ էր սիրում պարսկական, ղարաբաղյան, հայկական գորգերի դիզայնը, և ինձ էլ փոխանցվել է այդ սերը»։

Անդրե Սիմոնյանը հույս ունի, որ իրենց թիմը շուտով բեմ կբարձրանա։ Ռեստարտը տրված է։