×

Լեհական Զամոշչի քաղաքի հայկական եկեղեցին և փողոցը

11.01.2021

Լեհաստանում բնակվող շուրջ 40 հազար հայեր սփռված են տարբեր քաղաքներում՝ Վարշավա, Կրակով, Գլիվիցե, Վրոցլավ, Գդանսկ: Լեհաստանում գործում են մի շարք համայնքային կառույցներ, դպրոցներ: Այնտեղ է գտնվում երկրի միակ Գլիվիցեի Հայ կաթողիկե Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին։ Տարբեր ժամանակներում Լեհաստանում քաղաքացիություն ստացած հայերը, նաև  հին լեհահայերը համարվում են  երկրի 7 ազգային փոքրամասնություններից մեկը։

Եթե որոշել եք այցելել Լեհաստան, շրջել քաղաքներով, ծանոթանալ ինքնատիպ ճարտարապետությանը, ապա չմոռանաք լինել նաև առևտրի և արհեստների տարածաշրջանային կենտրոն  Զամոշչ (Zamość) քաղաքում և քայլել կենտրոնական հրապարակին հարող հայկական փողոցով (Ulica Ormianska):

Փողոցի շենքերը պատկանել են մեծ հեղինակություն վայելող հայերին, որոնք եղել են առևտրականներ, արհեստավորներ և բժիշկներ: 

Լեհաստանի հետման Յան Զամոյսկին դեռևս 16-րդ դարում համախմբել է երկրի տարբեր շրջաններում ապրող հայերին, նրանց հող հատկացրել քաղաքի կենտրոնում և օժտել է ինքնավարությամբ, որպեսզի վերջիններս ակտիվորեն մասնակցեն քաղաքի զարգացմանը։

Զամոշչի պատմական կենտրոնը, հայկական փողոցի շենքերը գրանցված են UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: