×

«Միասին ուժ ենք». պատերազմի մասնակիցների երեխաները ստացան ամանորի նվերներ

30.12.2020

«Միասին ուժ ենք» նախաձեռնության շրջանակներում արցախյան պատերազմի մասնակիցների 150 երեխաներ հավաքվել էին մի սրահում՝ ամանորի նվերներ ստանալու և ուրախ ժամանց անցկացնելու։  «Միասին ուժ ենք» նախաձեռնության ղեկավար Քրիստինա Մարգարյանի խոսքով՝ սա կարևոր քայլ է՝ երեխաներին խինդ ու ծիծաղ պարգևելու համար.

«Նվերները հիմնականում տաք շորեր են, կոշիկներ, կոնֆետներ, վերնահագուստներ, բլուզներ, առաջնահերթ անհրաժեշտության իրեր։ Սա մեր առաջին օգնությունը չէ. սեպտեմբերի 27-ից մինչև հիմա 8 օդային բեռնափոխադրումներ ենք կատարել, 7 բեռնատար մեքենա՝ ցամաքային ճանապարհով»։

 Քրիստինայի խոսքով՝ իրենց ուժը միասնական լինելու մեջ է։ Նախաձեռնությանը միացել են նաև Ստավրոպոլի, Կուբանի, Ղրիմի հայությունը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ մեծ նվիրումով են աշխատել նախաձեռնության հեղինակները։

«Փորձեցինք այնպես անել, որ բոլոր բալիկները ուրախություն, ջերմություն և հոգատարություն ստանան, մեր և սփյուռքի կողմից։ Վստահ եմ՝ ամենօրյա աշխատանքով պետք է նպաստենք Արցախի և Հայաստանի զարգացմանը»։

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր մուլտհերոսներ և Ձմեռ պապը, որոնք երեխաների տոնական տրամադրությունը ապահովեցին նրանց զվարճացնելով և  նվերներ բաժանելով։