×

1988-ի երկրաշարժից մինչև մեր օրեր․ հայ ռեժիսորը՝ հայրենիքի մասին հիշողությունների և նոր ֆիլմերի մասին

11.01.2021

Հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Հայաստանից տեղափոխվեց Ղազախստան 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժից հետո։ Ամենամեծ հիշողություններն էլ երկրաշարժի մասին են՝ մարդկանց խուճապ, փշրված պատուհաններ, վիշտ.

«Հիշում եմ ամեն ինչ, թե ինչպես էին հարազատներս գնում օգնության, դագաղները, որոնք քաղաքում ամենուր էին: Ես չորս տարեկան էի այդ ժամանակ, մենք Երևանում էինք։ Մանկապարտեզում էի, երբ պատուհանները փշրվեցին», - պատմում է ռեժիսորը։

Տարիներ անց՝ 2015-ին, Սարիկը որոշեց ֆիլմ նկարահանել երկրաշարժի մասին։ Ռեժիսորի խոսքով՝ այն 30 տարվա ընթացքում Ռուսաստանի ամենաբարձր եկամուտ ունեցող կինոնկարներից էր և ամենահաջողվածը։

Ռեժիսորը ֆիլմերի հանդեպ հետաքրքրվածություն ունեցել է մանկուց. «Այնքան հանգիստ երեխա էի, կռվարար չէի, ուստի շատ ֆիլմեր էի դիտում, և ինչ-որ պահի հետաքրքրությունս խորացավ, սկսեցի ամսագրեր գնել, որտեղ կային հոդվածներ կինոյի մասին: Կինոյում կարող ես ինչ-որ պատմություններ պատմել։ Այն ինքնին հետաքրքիր պատմություն է։ Գուցե ես պարզապես ցանկություն ունեի պատմություններ պատմելու»։

Մոսկվա տեղափոխվելուց հետո Սարիկ Անդրեասյանը նկարահանեց «Լոպուխի» ֆիլմը. «Դա իմ առաջին կինոնկարն էր, ինչը լավ արձագանք ստացավ։ Հետո ինձ հրավիրեցին «Ծառայողական սիրավեպը» նկարահանելու, որը նույնպես հաջողություններ ունեցավ»։

Հայ ռեժիսորն իր կարիերայի ամենակարևոր ֆիլմերից մեկը համարում է «Կողոպուտ ամերիկյան ձևով» հոլիվուդյան ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից է Էդրիեն Բրոուդին։

Ռեժիսորը պլաններ ունի ապագայում ֆիլմ նկարահանել հայերի մասին, որը կպատմի Հայրենական մեծ պատերազմում նրանց մասնակցության մասին. «Պատերազմին մասնակցեց մոտ 600 հազար հայ, նույնիսկ վավերագրական կադրեր կան, թե ինչպես են հայերը Ռայխստագի մոտ «Քոչարի» պարում: Իմ պատմությունը դրա մասին է, այսինքն՝ պատերազմ գնացող հայ երաժիշտների, որոնք վերջում «Քոչարի» են պարում»։

Սարիկ Անդրեասյանը պատմում է, որ հաճախ է Հայաստան գալիս։ Մինչև համավարակի տարածումը նաև Արևմտյան Հայաստան է գնացել և բազմաթիվ տեսանյութեր նկարահանել։ Ռեժիսորը նպատակ ունի հավաքագրել բոլոր տեսանյութերը և վավերագրական ֆիլմ նկարահանել պատմական Հայաստանի և հայերի մասին։