×

Երգչուհի Ռենա Դեն վերադարձել է հայրենիք ու շարունակում է ստեղծագործել

25.12.2020

Սիրիահայ երգչուհի Ռենա Դեն մի քանի տարի ապրում և ստեղծագործում է Հայաստանում։ Նախքան Երևանում հաստատվելը, հաճախ էր գալիս հայրենիք՝ համերգների հրավերներով ։

«Երբ հասա Հայաստան, արդեն գիտեի, թե ինչ պետք է անեի, պետք է երաժշտությամբ զբաղվեի։ Հիշում եմ, որ մինչև Երևան հասնելը, արդեն կազմակերպել էի համերգ»,- պատմում է Ռենան։

Հիմա Ռենան հանդես է գալիս «անդերգրաունդ» համերգներով։ Երգում է բլյուզ, ֆանք, ջազզ, R&B ոճերում, բայց դժվարանում է երաժշտության կոնկրետ ժանր առանձնացնելը։  Ասում է՝ «ես իմ ոճով եմ երգում»։

«Մեծ բեմեր չեմ սիրում, որովհետև սիրում եմ «զգալ» հանդիսատեսին։ Որքան ֆիզիկապես մոտ եմ հանդիսատեսին, այնքան էներգիան մեծ է իմ և իրենց միջև»։

Ռենա Դեն մասնակցել է «Լիբանանի Ձայնը» մրցութային հաղորդմանը։ Իր աղջիկն է հորդորել, որ մայրը մասնակցի երաժշտական մրցույթին։ 

«Շատ հաճելի փորձ էր, ծանոթացա բազմաթիվ տաղանդավոր լավ երաժիշտների, արվեստագետների հետ։ Ստեղծագործական առումով տարբերվող և նոր փուլ էր The Voice-ին մասնակցելը»։

Բացի երգելուց, Ռենա Դեն նաև ստեղծագործական հանդիպումներ է կազմակերպում։ Նա քննարկումներ է ունենում իր ոլորտի ներկայացուցիչների հետ ու միասին համագործակցության եզրեր են գտնում.

«Ես սիրում եմ նոր նախագծեր, միշտ հավաքում եմ տարբեր ոճերի երաժիշտների, երգիչների, քաջալերում եմ, ջեմ-սեյշներ կազմակերպում։ Այդ հանդիպումների ընթացքում մարդիկ ծանոթանում են իրար հետ, նոր բենդեր են ստեղծվում։ Հիմա ունեմ 7 հոգանոց բենդ»,- ասում է Ռենան։

Երգչուհու խոսքով՝ Երևանում ոգեշնչվելու առիթներ միշտ կան։ Վստահեցնում է, որ հաջողության հասնելու համար ուղղակի պետք է  չվախենալ, հավատալ ներքին ձայնին։