×

Բուենոս Այրեսից՝ Գյումրի. Ինչպե՞ս երգչուհի Ալինը եկավ Հայաստան, շարունակեց երգել ու դարձավ վարսահարդար

04.01.2021

Եկավ, տեսավ ու հավանեց. Ալին Դեմիրճյանը Արգենտինան փոխեց Հայաստանի հետ, Բուենոս Այրեսը՝ Գյումրիի։ Որոշումը կայացրել է մի քանի անգամ Հայաստան գալով։

«Սփյուռքում քեզ նայում են որպես հերոսի, օ՜, որ վերադարձել ես Հայաստան, քո հայրենիքը, բայց միշտ ասում եմ, որ այդպես չէ։ Չպետք է այդպես նայել։ Ես որոշում եմ Հայաստանում լինել, որովհետև հայ եմ», - ասում է Ալինը։

Արգենտնահայ երգչուհին Հայաստանում էլ շարունակեց երգելն ու երգեր գրելը։ Երաժշտական ոճը պահել է, արգենտինական տաք ու ռիթմիկ հնչյունները նաև այստեղ են հնչում։

«Ես, իհարկե, միշտ իմ ոճն եմ «դնում» ամեն երգի վրա, երբ հայերեն եմ երգում, իմ առոգանությունը, իմ ոճը... Բայց սիրում եմ հայերեն երգել, իհարկե։ Մեծամասնությունը սիրում է, ասում է՝ անուշիկ է, տարբեր է, մեկ-մեկ ծիծաղում են, բայց նորմալ է, ինչ անենք, ոչինչ», - ասում է Ալինը։

Երևանի փոխարեն Ալինը որոշեց հաստատվել Գյումրիում։ Նրա խոսքով՝ այնտեղ հանգիստ է ու իրեն շատ լավ է զգում։ Երգիչը նաև վարսահարդար է ու Գյումրիում էլ գտավ իր սիրելի վարսավիրանոցը, որտեղ սովորեց ու սկսեց տղամարդկանց մազերը կտրել։

«Ես գործիքներ ունեի, բերեցի Հայաստան, իմ վարսավիրանոցը, որ կա այնտեղ, տեսա ու միանգամից ասացի, որ պետք է գամ այստեղ սովորեմ։ Գալիս էին վարսավիրանոց ու ասում. «Բայց դու երգչուհի չե՞ս, ինչո՞ւ ես այստեղ, մազ կտրում», - ասում է Ալինը։

Ալին Դեմիրճյանը խոսքով՝ Հայաստանը սիրում է, որովհետև այստեղ հեշտ Է։ Նրա պնդմամբ՝ եթե գաղափարներ ունես, շատ հեշտ է այստեղ իրականացնելը կամ գոնե փորձելը։ Ալինն այդպես էլ արել է։ «Մեկ մարզ, մեկ երգ» նախագիծն իրականացրեց, ճամփորդեց ամբողջ Հայաստանով ու նաև նոր մասնագիտություն ձեռք բերեց։