×

«Երբ մտա Շուշիի եկեղեցի, հասկացա, որ պետք է Կոմիտաս նվագեմ». Բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյան

15.10.2020

Բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանը Հայաստանում էր, երբ պատերազմը սկսվեց։ Հայրենիքին աջակցելու նպատակով երաժիշտը մեկնեց Բելգիա և 3 համերգ տվեց, որոնց ամբողջ հասույթը նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Հաջորդ կանգառն Արցախն էր։

«Եկեղեցու տարածքը դատարկ էր և այնտեղ ոչ ոք չկար։ Ամեն վայրկյան կարող էր եկեղեցին նորից ռմբակոծվել։ Երբ մտա եկեղեցի, նստեցի, միայն ես էի և ընկերներիցս մեկը, որ նկարում էր։ Հենց նստեցի, հասկացա, որ պետք է նվագեմ «Կռունկը»։ Մի տեսակ տեսնելով ջարդած, անգլուխ հրեշտակի արձանը, փշուր-փշուր եղած նկարը, այդ ամեն ինչը, Կոմիտասը խոսեց իմ միջից», - ասում է Սևակ Ավանեսյանը։

Նրա կարծիքով՝ Կոմիտասի «Կռունկ» երաժշտությունն է, որ այդ պահին կարող էր  արտահայտել ամբողջ հայության զգացածը։  

«Կռունկ, որտեղի՞ց ես գալիս, ինչպիսի՞ն է մեր երկրի վիճակը, որովհետև մեր հողն է, մեր տունն է, բայց մենք՝ բոլորս, ներառյալ երևանցիներս, ապրում ենք Արցախից դուրս, հատկապես սփյուռքահայերը։ Շատ սրտին մոտ երաժշտություն, որը կռունկի ձայնն էր ինչ-որ չափով», - ասում է Սևակ Ավանեսյանը։

Սևակը պատմում է, որ այդ պահին հատակն էր դղրդում, լսվում էին հրթիռակոծությունների ձայները։  Սակայն, երբ սկսեց նվագել ամեն ինչը կարծես լռեց։

«Մենք՝ երաժիշտներս շատ լավ չենք խոսելուց, բայց մեր խոսելու և էմոցիաները ցույց տալու միակ ձևը երաժշտությունն է։ Համարենք աղոթք ինչ-որ չափով, որ ես այնտեղ էի, նվագում էի, իմ աղոթքն էր Աստծուն, իմ ուղերձն էր հայ ժողովրդին, ամբողջ աշխարհին և վերջիվերջո ինքս ինձ համար։ Ես կմնամ վերջին մարդը այդ եկեղեցում, բայց չեմ տա ոչ մեկին», - ասում է Սևակ Ավանեսյանը։

Սևակի խոսքով՝ երաժշտությունն Աստծու հետ խոսելու իրենց ձևն է։ Պատերազմի ավարտից հետո երաժիշտն իր թավջութակով նորից Շուշիի եկեղեցում կլինի։

«Երբ մտայ Շուշիի եկեղեցին, հասկցայ, որ պէտք է Կոմիտաս նուագեմ». Պելճիքահայ երաժիշտ Սեւակ Աւանէսեան