×

Հայրենադարձ խեցեգործը Աշտարակում գործարան հիմնելու մտադրություն ունի

15.12.2020

Ընտրեց քաղաքագետի մասնագիտությունը, բայց դարձավ խեցեգործ։ Պալեան ընտանիքը Երուսաղեմում հաստատվել է 100 տարի առաջ և հայտնի խեցեգործներ են։ Սեդրակը 2 տարի առաջ որոշեց վերադառնալ հայրենիք և ընտանեկան բիզնեսը զարգացնել նաև այստեղ։

 «100 տարվա գործը շարունակելը մեծ պատասխանատվություն է։ Մենք արդեն 4-րդ սերունդն ենք , որ զբաղվում ենք այդ գործով։ Այն ոչ միայն մեր ընտանիքի համար է կարևոր, այլ նաև Երուսաղեմի հախճապակու պատմության համար։ Մինչև այսօր մեր ընտանիքների ժառանգած հայկական հախճապակու գործը դարձել է խորհրդանիշ Երուսաղեմում։ Ամենամեծ արվեստի և արհեստի խորհրդանիշը հայկական հախճապակին է այստեղ», - պատմում է Սեդրակ Պալեանը։

Սեդրակի նպատակն է Հայաստանում ստեղծել նոր աշխատատեղեր, աջակցել հայրենիքի տնտեսական զարգացմանը։

 «Մեր նպատակն է, որ բոլոր նյութերը Հայաստանում արտադրվեն։։ Գործարանը ցանկանում ենք հիմնել Աշտարակում, չենք ցանկանում Երևանում, որովհետև բոլորը գալիս իրենց գործը սկսում են Երևանում, մենք պետք է իմանանք, որ ուրիշ գյուղեր ու քաղաքներ էլ կան, որ պետք է զարգացնել, աշխատատեղ հիմնել», - պատմում է Սեդրակ Պալեանը։

Երիտասարդ վարպետը սիրում է Հայաստանի ամեն մի անկյուն, այն համարում իրեն հարազատ։  Հայրենիքի հանդեպ սերն էլ նրան դրդել է թողնել ընտանեկան բիզնեսը Երուսաղեմում և գալ Հայաստան՝ սեփականը ստեղծելու նպատակով։