×

Հայրենադարձ դիզայներ Սիփան Քդմիրյանը Հայաստանում բացել է իր ստուդիան

23.12.2020

Մի քանի ուղիղ գիծ, հետո կոր ու շրջանաձև. ինտերիերի դիզայներ Սիփան Քդմիրյանի աշխատանքի առաջին՝ նախապատրաստական փուլն է։ Հետո գալիս է ամենաբարդը. պետք է այդ ամենը համապատասխանեցնել հաճախորդի պահանջներին։

«Ավելի շատ շինարարների հետ են լինում աշխատանքային դժվարություններ, քան հաճախորդների։ Հաճախորդներին հնարավոր է լինում համոզել առաջարկված ոճային լուծումը։ Դժվարություններ լինում են նաև, որովհետև այստեղ նոր են մարդիկ ծանոթանում ինտերիերի դիզայների աշխատանքներին, երբեմն թյուրըմբռնում կա, որ ինտերիեր դիզայները իրենց ցանկացածի 3D պատկերն է ստեղծում և տալիս, բայց իրականում այդպես չէ», - ասում է Սիփան Քդմիրյանը։

Իրականում, ըստ Սիփանի, պետք է բնակարանիդ, տարածքիդ դիզայնը, վստահես մասնագետին և նրա ոճին։ Սիփանի Քդմիրյանի խոսքով՝ հենց ինտերիերի դիզայներն է, որ հասկանում է թրենդներից։

«Ինտերիերի ամեն դիզայներ ունի իր ձեռագիրը, ոճը։ Ես սիրում եմ մոդեռն և դասական ոճերը, աշխատում եմ այդ ոճերում ավելի հմտանալ, փորձում եմ նաև հայակական նախշեր ներառել», - ասում է Սիփան Քդմիրյանը։

Հայկական նախշերը համադրելի են տարվա թրենդային գույների հետ։ Հաճախորդներին էլ փորձում է այդպես ուղղորդել, որ աշխատանքը և՛ գեղեցիկ լինի, և՛ հայկական։

«2020-2021-ի մեջ գունային առումով այդքան էլ մեծ փոփոխություններ չկան։ Թրենդային է Navy Blue-ն, «նոր սևը», սա «սևի» նորաձևությունն է, 2013-2014-ին սև-սպիտակ համադրությունն էր թրենդ, այժմ այն փոխվել է Navy Blue-ի։ Կարծում եմ, որ 2021-ին ամենաշատը մոխրագույնն է օգտագործվելու, բաց և մուգ երանգները», - ասում է Սիփան Քդմիրյանը։

Սիփանը Սիրիայից է վերադարձել Հայաստան։ Մի քանի տարի հայրենիքում սովորելուց հետո բացել է իր ստուդիան։ Թիմը փոքր է, բայց մեծ պատվերների դեպքում կարող է աշխատակիցների թիվը մեծացնել։