×

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպի մարզային խորհուրդը նոր բանաձևով դիմել է երկրի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը

18.12.2020

Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից Օվերն-Ռոն-Ալպը շարունակում է իր աջակցությունը՝ Արցախին։ Այս անգամ մարզային խորհուրդն ընդունել է բանաձև, որով կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։

«Հայերն Այսօրի» հետ զրույցում Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցն ասաց, որ

դեռևս պատերազմի առաջին իսկ օրերից շրջանի նախագահը 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան։

«Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները պատմության մեջ միշտ ամուր են եղել։ Նաև Ֆրանսիայի սփյուռքի ազդեցությունն է կարևոր եղել։ Հենց պատերազմի սկզբում նկատվեց մի շատ ուժեղ նոր փուլ սփյուռքում. հայերը հասկացան, որ պահեր են գալիս, երբ, ամեն դեպքում, ուզեն, թե չուզեն, պետք է լինեն Հայաստանի կողքին, և այն մոբիլիզացիան, որ մենք տեսանք սեպտեմբերի 27-ից այն կողմ, աննախադեպ էր, այդպիսի բան մինչև հիմա չէր եղել»,-նշեց նա։

Լևոն Սաքունցի խոսքով՝  Օվերն-Ռոն-Ալպը միացել է երկրի մյուս տարածքային մարմիններին՝ բանաձևերով ճնշում գործադրելու երկրի կառավարության վրա։

«Չեմ կարող ասել՝ ինչքանով կհասնեն նպատակին, բայց կարծում եմ՝ շատ կարևոր են այս գործընթացները, բայց այն, որ հարցը դրվեց Ազգային ժողովում կամ Սենատում, մեծ պայքար էր։ Մենք ունենք Հայաստանի բարեկամներ՝ քաղաքապետեր, փոխքաղաքապետեր, դիվանագետներ, որոնք անդադար աշխատել են այս ուղղությամբ»,- ասաց Վիենի փոխքաղաքապետը։

Լևոն Սաքունցը վստահ է՝ Ֆրանսիան օրինակ կծառայի նաև այլ երկրների համար, և Արցախի ճանաչման հարցն արդեն միջազգային մասշտաբով նոր թափ կառնի։