×

Հրայր Հովակիմյանն առաջին հայ բժիշկն է, որն ազգային հերոսի կոչում է ստացել

04.12.2020

Նախ անհարմար է զգացել, հետո ամաչել ու հուզվել. Հրայր Հովակիմյանն առաջին հայ բժիշկն է, որն ազգային հերոսի կոչում է ստացել։ 90-ականներին նրա գլխավորությամբ Հայաստանում առաջին անգամ սկսեցին սրտի բարդ վիրահատություններ իրականացնել։ 

«Անկախությունից հետո, երբ այցելեցի Հայաստան, գաղափարն այն էր, որ երեխաներին Հայաստանից տանենք Ամերիկա, որպեսզի վիրահատենք։ Երբ տեսա, որ վիրահատության կարիք բազմաթիվ երեխաներ ունեն, մտածեցի, որ հենց ես պետք է իրականացնեմ այդ ծրագիրը», - «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Հրայր Հովակիմյանը։ 

Նպատակն իրականություն դարձնելու համար Հրայր Հովակիմյանը որոշեց «Նորք-Մարաշի» հիվանդանոցում բացել սիրտ-անոթային վիրաբուժության ծառայություն։ Այն պետք է համալրված լիներ նոր սարքերով, մեթոդներով և մոտեցումներով։ Գործն ավարտին հասցրեց գործընկերների հետ, որոնց Հրայր Հովակիմյանը խենթեր է անվանում։ 

«Դրա ամենակարևոր կոմպոնենտը նաեւ այն էր, որ 6-7 «խենթերի» հետ ծանոթացա։ Նրանք իմ գործընկերներն էին, որոնք ինձ պես երազում էին այդ վիրահատություններն անել Հայաստանում, չնայած, որ  դժվար տարիներ էին», - նշեց նա։  

Հրայր Հովակիմյանը բնակվում է Միացյալ Նահանգներում, Պորտլենդի հիվանդանոցում առաջատար սրտային վիրաբույժ է։ Հայրենիքի հետ կապը պահում է։ Բժիշկն ամեն տարի գալիս է Հայաստան ու սրտի բարդ վիրահատություններ իրականացնում։

«Անհրաժեշտ է սիրել քո մասնագիտությունը թե՛ տեխնիկական մասով, թե՛ հասարակական։ Հիվանդի, նրա հարազատների հետ հաղորդակցվել, լավն ու վատը ասել», - եզրափակեց բժիշկը։ 

Ազգային հերոսը բժիշկը աշխարհի 10 լավագույն սրտային վիրաբույժներից է։ Հրայր Հովակիմյանը պլանավորում է այս տարի գալ Հայաստան ու գուցե երկար ժամանակով մնա հայրենիքում։