Իտալիայում հայկական համայնքը դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար
08.10.2020
Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։ Այդ մասին պատմեց Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը։
«Հոկտեմբերի 4-ին նամակ ենք գրել Իտալիայի արտաքին գործերի նախարարին՝ բացատրելով մեր հարցը, Արցախի կարևորությունը և Արցախի դե ֆակտո գոյություն ունենալը։ Այն ուղարկեցինք թե՛ Իտալիայի նախագահին, թե՛ վարչապետին և տեսանք, որ ավելի ուշադրությամբ սկսեցին հետևել մեր ինֆորմացիային», - ասաց Սվազլյանը։
Իտալիայի հայերի միության նախագահը հայտնեց, որ հոկտեմբերի 13-ին նպատակ ունեն նաև Հռոմում ցույց կազմակերպել և իրենց բողոքի ձայնը հասցնել մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ։
«Մենք էլ այստեղ մարտերի մեջ ենք, մեզ վրա կրակող չկա, արյուն չենք թափել, բայց բավական լուրջ մարտեր են, որոնք պատվով պետք է մինչև վերջ տանենք, որպեսզի մեր թշնամիները հասկանան, որ հայերը Դեր Զորում չեն վերջացել, դեռ կան և Դեր Զոր վերադառնալու ցանկություն ոչ ոք չունի», - ասաց Պայքար Սվազլեանը։
Սվազլյանը հուսով է, որ սա վերջին պատերազմն է լինելու, և հարևան երկրներն էլ կհասկանան, որ այդքան էլ հեշտ չէ հայերին դժվար իրավիճակի մեջ դնել։