Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին բարձրաձայնում են Կիպրոսում
05.10.2020
Հայաստանին և Արցախին աջակցում և ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին բարձրաձայնում են նաև Կիպրոսում։ Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի խոսքով՝ բազմամարդ ցույցեր են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի, մասնակցել է ավելի քան 450 հայ:
«Նամակ ենք փոխանցել Ռուսաստանի, Ամերիկայի և Ֆրանսիայի դեսպաններին, որ անհապաղ միջամտեն այս հարցին։ Ցույցերին լայնորեն անդրադարձավ տեղական մամուլը, այն զանգվածային արձագանք ունեցավ ամբողջ Կիպրոսում և արտասահմանում», - ասաց Մահտեսյանը:
Պատգամավորի խոսքով՝ կան նաև մարդիկ, որոնք դիմում են՝ կամավորագրվելու և հայ զինվորների կողքին պատերազմի դաշտում կռվելու մեծ ցանկությամբ:
«Հիմա նաև դրամահավաքի կոչ ենք ուղղել մեր համայնքի բոլոր անդամներին և մեր հույն եղբայրներին և քույրերին», - նշեց Մահտեսյանը:
Վարդգես Մահտեսյանը հայտնեց, որ Արցախի դեմ ռազմական գործողություննրի վերաբերյալ կապ է հաստատել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ, որոնք անմիջապես հայտարարություն են արել՝ իրենց աջակցությունը ցույց տալով և դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի սկսած պատերազմը։
«Հեռախոսազրույցներ ենք ունեցել նաև Կիպրոսի խորհրդարանի նախագահի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի տեղյակ լինենք եղելությունների մասին։ Կապ եմ հաստատել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Կիպրոսի պատվիրակության նախագահ Նիկոս Տորնարիտիսի հետ, որ Թվիթերով և մյուս միջոցներով իր աջակցությունը հայտնի հայ ժողովրդին», - ասաց պատգամավորը:
Վարդգես Մահտեսյանը վստահ է՝ հաղթանակը հայ զինվորներինն է լինելու. «Ապագան մերն է, որովհետև մենք հայ ենք և մեր երակներում հայկական արյուն է հոսում, ես դրանում չեմ կասկածում»։