Իսրայելի հայերը բողոքի ցույց և ավտոերթ են կազմակերպել. Ադրբեջանցիները հարձակվել են ցուցարարների վրա
17.10.2020
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի հայ համայնքը Հայֆա քաղաքից ավտոերթ է սկսել դեպի Երուսաղեմ։ Հայկական համայնքը Երուսաղեմի Պաշտպանության նախարարության և Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով, որ Իսրայելն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին և ճանաչի Արցախի անկախությունը։ Ակցիայի նպատակը, ըստ մասնակիցների, հայ ժողովրդի ձայնն Իսրայելում լսելի դարձնելն է։
«Հայերն այսօրի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչներից Արմինե Խանյանը նշեց, որ ցույցին միայն հայերը չեն մասնակցել։ Ներկա էին նաև հրեաներ, որոնք ցույց էին տալիս իրենց սերը և հարգանքը դեպի հայ ժողովուրդը։
Արմինեի խոսքով՝ ավտոերթի ընթացքում ադրբեջանցիների հրահրած գործողությունները եղել են նախապես պլանավորված։ Ավտոերթի ուղին նշված էր Ֆեյբուքում, նրանք այդ մասին նախապես իմացել են և փակել ճանապարհը։
Հայերի և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ 2 հայ ստացել են լուրջ վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Արսեն Շպիլբերգը «Հայերն այսօրի» հետ զրույցի ընթացքում նշեց, որ մի քանի հարված ստացել է գլխին և մարմնի այլ մասերին։ Նա միայն պաշտպանվել է, որովհետև հստակ երևում էր հակառակ կողմի մտադրված հարձակումը՝ ցույց տալ , որ հայերի ցույցը խաղաղ չի եղել։
Ցույցի մասնակիցների խոսքով Իսրայելում բնակվող հայերն ամեն բան անում են, որպեսզի կարողանան օգտակար լինել այս պատերազմում, բայց վստահ են, որ իրենց աշխատանքը հնարավոր չէ համեմատել հայ զինվորի քաջության, խիզախության և հայրենիքի հանդեպ նվիրումի հետ։