Հումանիտար օգնությանը միացել են հայրենադարձները. Լիբանանյան ռեստորանը անվճար սնունդ է բաժանում արցախցիներին
30.10.2020
Լիբանանյան ռեստորանը ևս իր հերթին միացավ արցախցիներին օգնելու խնդրին։ Տնօրենի խոսքով` առաջին իսկ օրվանից մտածել է, թե ինչպես կարող է օգնել իր հայրենիքին և հայրենակիցներին.
«Մենք այստեղից օգնում ենք զինվորներին՝ առաջնագիծ սնունդ ուղարկելով, տեսնում ենք՝ ով է գնում այնտեղ և ուղարկում ենք։ Սնունդով օգնում ենք բոլոր կանանց և երեխաներին, ովքեր եկել են Արցախից և ապաստանել կառավարության տված կամ իրենց բարեկամների տներում։ Մինչև հիմա 17 ընտանիքի ամեն օր սնունդով ենք ապահովել։ Սնունդն էլ ամբողջությամբ անվճար է»,- ասում է նա։
Ռեստորանի աշխատակազմը ամեն ինչ անում է, որպեսզի սնունդը համեղ և չհոգնեցնող լինի. թե՛ հայկական, թե՛ լիբանանյան խոհանոցների ուտեստներ են պատրաստում, որպեսզի ամեն օրվա ճաշը տարբերվի նախորդից։
Վազգենի խոսքով՝ միշտ էլ երազել է Հայաստանում սեփական բիզնեսն ունենալ և արդեն 1 տարի է, ինչ վերջնական տեղափոխվել է հայրենիք.
«Հայրենիքում պետք է ապրենք, այդպես դաստիարակվել և մեծացել ենք և շատ ուրախ եմ, որ կարողացանք ամբողջ ընտանիքով վերադառնալ հայրենիք», - ասում է նա։
Վազգենը ընկերների հետ կամավոր մեկնել է առաջնագիծ, կանգնել 18-20 տարեկան քաջ զինվորների կողքին։ Հետո վերադարձել է Երևան և նախաձեռնել անվճար սննդի օգնությունը։ Նա վստահ է, որ պատերազմում հաղթելու ենք։