×

«Սրճեփ» ջոկատը. ինչպե՞ս 4 սփյուռքահայով սահման պահեցին ու դարձան կամավոր

07.12.2020

Նրանց միավորեց պատերազմը, ընկերությունն ու գիտելիքը. 4 ընկեր՝ Ափօն, Սիփանը, Սեթրակը և Սիփանը պատերազմի առաջին օրերին Հայաստան եկան Իսրայելից ու Ֆրանսիայից։ Նպատակն էր սահման պահել ու կամավորական աշխատանք անել։ Տղաներին ուղարկեցին Տեղ գյուղի անցակետ։ Նրանց առջև խնդիր էր դրված. ստուգել լրատվականների մեքենաներն ու հասկանալ՝ Արցախ մուտքի թույլտվություն ունե՞ն։

«Քանի որ տիրապետում էինք մի քանի լեզուների, կարող էինք թարգմանել ոստիկանների համար։ Սկզբում 4-ով մի մեքենայի  մեջ էինք քնում, հետո ևս մի մեքենա միացավ։ Բոլորը իմ անունն էին առաջինը մտաբերում, երբ օտարերկրացի լրագրող էր մոտենում, «Սիփան» էին կանչում։ Մենք էլ վազելով գալիս էինք, որ մեր գործն անենք», - պատմում է Սիփան Մուրատեանը։

Տղաները որոշեցին իրենց ջոկատի անունը «Սրճեփ» դնել։ Անցակետում իրենց եփած սուրճն ամենահամովն էր ու պահանջվածը։ Սուրճը հյուրասիրում էին անցնող-դառնողներին, տարածքը հսկող զինվորականներին։ Պատերազմից ու սուրճի բաժակի շուրջ խոսակցություններից տղաները նոր գաղափարներ ու դասեր են քաղել։

 «Այո՛, գիտենք լեզուն, գիտենք խոսել, երգել, պարել, բայց այստեղ չեն։ Պետք է գանք այստեղ, ապրենք, աշխատենք, որ կարողանանք հայկական կյանքն ու հողը, մշակույթը պահպանել», - ասում է Սիփան Մուրատեանը։

Անցակետը հերթափոխով էին հսկում։ Ազատ ժամերին տղաներին կարելի էր գտնել Գորիսի հյուրանոցում։

«Այնտեղ 50-60 արցախցի երեխա կար։ Շատ դժվար էր, բայց նույնիսկ իրենք էին մեզ զբաղեցնում, որ չմտածենք պատերազմի մասին և մենք էլ իրենց։ Իրենց հետ երգում, պարում, խաղում էինք»։

Նրանց ոգևորել ու զարմացրել է արցախցի երեխաների եռանդը։ Ափօ Սահակյանի խոսքով՝ երեխաներն ապրում են իրենց կյանքի, թերևս, ամենածանր օրերը, և ցանկացան մի ժամով երգով, պարով ու խաղերով երեխաներին կտրել իրականությունից։

«Ես էլ ի վերջո սիրահարվեցի այդ երեխաներին, որովհետև շատ լավն են։ Նրանք ինձ հույս տվեցի, որ մի օր մենք կհաղթահարենք այս խոչընդոտներն ու մարտահրավերները», - ասում է Ափօ Սահակյանը։

Հիմա տղաները որոշել են մնալ Հայաստանում ու շարունակել օգնել հայրենիքին։ Թիմում երաժիշտ կա, դերասան ու վարպետ, և գուցե հենց իրենց ստեղծագործական ներուժն օգտագործեն հայրենիքին աջակցելիս։