×

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունն ավարտեց իր հերթական այցը Հայաստան

11.10.2021

Սոցիալական նախաձեռնությունից մինչև բժշկական տարաբնույթ միջամտություններ ու հետազոտություններ իրականացնող Ֆրեզնոյի բժշկական առաքելությունն ավարտեց իր այս տարվա բարեգործական այցը Հայաստան:  Խումբը Հայաստանում է  Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ:

Արդեն վեցերորդ անգամ ԱՄՆ տարբեր բուժհաստատությունների լավագույն մասնագետներով համալրված խումբը Հայաստան էր եկել Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Ապգարյանի և բժշկական առաքելության խորհրդի անդամ, ծրագրերի պատասխանատու Վաչե Վասիլյանի գլխավորությամբ: «Սա մեր հերթական առաքելությունն էր հայրենիքում: Միայն համավարակի հետ կապված անցած տարի չկարողացանք գալ Հայաստան: Ամեն տարի գալիս ենք մեկ շաբաթով Հայաստան, մեկ շաբաթով Արցախ: Ցավոք, քանի որ այս տարի բժիշկների մեծ մասը օտարազգի էին, Արցախ գնալ չկարողացանք, այլ ծառայեցինք մեր հայրենիքի տարբեր մարզերում՝ հիմնականում կենտրոնացել էինք մեր հերոս զինվորների առողջական խնդիրների վրա: Հենց դրա համար այս տարի խմբի մեծ մասը՝13 բժիշկ, վերականգնողական բժիշկներ էին: Ի դեպ, նրանցից 10-ն այլազգի բժիշկներ էին, ովքեր առաջին անգամ էին Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց  Վաչե Վասիլյանը՝ տեղեկացնելով, որ այս անգամ իրենց ուշադրության կենտրոնում հեռավոր մարզերի ծայրամասային համայնքներն էին: Առաքելությունը վիրավոր զինվորներին ընդունել ու սպասարկել է ոչ միայն բուժհաստատություններում, այլ նաև տներում: «Երեք տարբեր խմբեր երեք տարբեր կլինիկաներում աշխատեցին. այս ընթացքում մեր բժիշկները եղան Գյումրիում, Վարդենիսում, Վանաձորում և մարզերի հեռավոր գյուղերում:  Խնդիրները տարբեր էին»,- նշեց Վաչե Վասիլյանը:

 Այս ընթացքում իրականացվել է ոչ միայն խորհրդատվություն, այլ նաև վիրահատություններ: Այցի ընթացքում, դեռ 2018 թվականին Ֆրեզնոյի բարերարների ջանքերով հիմնանորոգված և վերազինված Աշտարակի բժշկական կենտրոնի վիրահատարանը համալրվեց թանկարժեք թվային վիրահատական ռենտգեն սարքով: Անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրվեցին նաև Հայաստանի այլ բուժհաստատություններ: Բժիշկների խմբում է նաեւ աշխարհում ճանաչված բժիշկ Ռեյմոնդ Բաթսը, ով դասավանդում է Միացյալ Նահանգների լավագույն բժշկական դպրոցներում: Այստեղ՝ Հայաստանում, նա իր գիտելիքներն ու փորձն է կիսում տեղի մասնագետների հետ: Առաքելության շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ մանկաբույժ Կարինե Լեփեջյանը (ԱՄՆ), որն աշխատեց Լոռիում և Արմավիրում: 

Այս տարվա առաքելությունը մեկնարկեց սեպտեմբերի 27-ին՝ Արցախում 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրը: Ըստ Վաչե Վասիլյանի՝ նույն օրը մեկնարկած բարեգործական առաքելությունը մարդկանց հույս է տալիս ու  ցույց է տալիս, որ համընդհանուր ջանքերով կարելի է հաղթահարել ցավը:

Բոլոր ծառայությունները՝ ներառյալ վիրահատական, բացարձակ անվճար են: Ավելին՝ յուրաքանչյուր հիվանդ ստանում է առնվազն մեկ ամսվա դեղորայք անմիջապես բուժումից հետո: Այս անգամ, բացի բժշկական առաքելությունից, խումբը 44-օրյա պատերազմում զոհված բազմազավակ երեխա ունեցող, սոցիալապես անապահով  ընտանիքին նվիրեցին սեփական տուն Մասիսում: «Մեր կարողությունների շրջանակում կփորձենք կրկին աջակցել Հայաստանին: Անշուշտ, մեր առաքելությունը կշարունակվի, արդեն հետ վերադառնալով Ֆրեզնո՝ կսկսենք ծրագրել հաջորդ այցը՝ որպես թիրախ ունենալով Հայաստանի բնակիչների կարիքները: Մենք Հայաստան ենք գալիս ոչ միայն օգնելու ու մեր ժողովրդի ցավերը կիսելու, այլ նաև օգտվելու՝ լիցքավորվելու հայրենիքում»,- հավելեց Վաչե Վասիլյանը: