×

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի պապին ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները

08.10.2021

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապին ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:

Այս մասին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` նշելով, որ հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի ծառայությունը տեղյակ է պահվել, որ պապի հետ անհատական ձեռքսեղմումի ժամանակ երկխօսություն գրեթե չի լինելու, այլ միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույն տևողությամբ:

«Երբ սրբազան քահանայապետը մոտեցել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացրել է վերջինիս և ասել, որ Արման Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Այդ պահին, Թաթոյանը նախ իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումների դադարեցման, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակման վերաբերյալ հայտարարությունների համար», նշել են Թաթոյանի գրասենյակից:

Այնուհետև Արման Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի տակ է և անօրինական կերպով էպահվում Ադրբեջանում, նաեւ խոսվել է Հայաստանի սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումների մասին: Թաթոյանը պապին նաև հանձնել է իր ասածները ապացուցող զեկուցումներ:

Ըստ լուրը հաղորդող աղբյուրին՝ Ֆրանցիսկոս պապը վերցրել է զեկուցումները, բացել, թերթատել եւ տեսել է նաև դաժան արարքների վերաբերող նկարները: Նա շնորհակալություն է հայտնել այդ կարևոր զեկուցումների համար` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ քննարկել են այդ հարցը: Ըստ Մարդու իրավունքների գրասենեակին՝ պապը հանձնարարել է իր օգնականին` ուսումնասիրել և առանձին ներկայացնել զեկուցումների բովանդակությունը:

Ներկայացվել է երեք զեկուցում. առաջինը՝ այսպէս կոչուած «Ռազմավարի պուրակ»-ի մասին, երկրորդը՝ Ադրբեջանի հայ գերիների խոշտանգման պատասխանատվության մասին, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները իբրև քրեական գործի հիմք ծառայեցնելու մասին: