×

Արամ Ա կաթողիկոսը այցելել է դուրզի համայնքի նորընտիր հոգևոր պետին

08.10.2021

Արամ Ա վեհափառ հայրապետը պաշտոնական այցելություն է ունեցել Լիբանանի դուրզի համայնքի նորընտիր հոգևոր պետ շեյխ Սամի Աբու Մունային՝ համայնքի Բեյրութի կենտրոնատեղում:

Վեհափառը ողջունելով շեյխ Աբու Մունայի ընտրության հաղթանակը՝ մաղթել է, որ իր նվիրյալ աշխատանքով ո՛չ միայն դուրզի համայնքը առավել ծաղկի ու բարգավաճի, այլ նաև կարևոր նպաստ բերի Լիբանանի ներքին միասնականության ամրապնդմանը: Լիբանանը լինելով համայնքային երկիր՝ յուրաքանչյուր համայնք իր յուրահատուկ դերն ունի Լիբանանի առաջդիմության ու հզորացման գործում, ասել է վեհափառ հայրապետը: Նա հիշեցրել է, որ Շուֆի շրջանում հին ժամանակներից հայերը բնակություն են հաստատել, հատկապես Ազունիեի հայ բուժարանի ծառայությունը, որ հայ-դուրզի գոյակցության շոշափելի արտահայտությունն է եղել:

Շեյխ Սամի Աբու Մունան, իր հերթին, ջերմ շնորհակալությունն է հայտնել վեհափառ հայրապետին՝ այցելության ու բարեմաղթությունների համար: Նա ասել է, որ վեհափառին ո՛չ միայն հնուց է ճանաչում, այլ նաև հիացումով է հետևել իր ելույթներին, Լիբանանի ներսում թէ դրսում, հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության բնագավառից ներս: Նորընտիր շեյխը նաև Հատուկ Հարգանքով է արտահայտվել հայության մասին` իբրև երկրի կարևոր համայնքներից մեկը՝ շեշտելով միջկրոնական գործակցության կարևորությունը` իբրև Լիբանանի ինքնության հիմք:

Լսելով վեհափառ հայրապետի այցելության մասին` հանդիպումանը միացել է նաև դուրզի համայնքի նախկին հոգևոր պետ շեյխ Աբու Մուհիբ Նայիմ Սայիդ Հասանը: Նա ևս գնահատանքով է արտահայտվել հայ համայնքի մասին եւ շեշտել միջկրոնական գործակցության կարևորությունը:

Վեհափառ հայրապետին ընկերակցել են Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Հովակիմ վարդապետ Բանջարճյանը, Սարգիս աբեղա Աբրահամյանը և դոկտոր Ժան Սալմանյանը: Իսկ շեյխ Աբու Մունայի կողքին ներկա են եղել դուրզի դպրոցների ընդհանուր պատասխանատուն, քրիստոնյա-իսլամ երկխոսության դուրզի համայնքի ներկայացուցիչը և շեյխի ավագ որդին: