×

Սիրիահայ բժիշկը վերադարձել է հայրենիք և բուժում է վիրավոր զինծառայողներին

07.10.2021

«Հիմա ինքն ուժի շարժման սահմանափակում ունի, մոբիլիզացիայով փորձում ենք այդ սահմանն ավելի բացել, որ ավելի հանգիստ կարողանա բարձրացնել ուսը»: 

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած Գարիկ Սահակյանն է: Վերականգնողական բուժում է ստանում: Պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել պատերազմի ժամանակ: 

 «Հոկտեմբերի 7-ին գնացել եմ Ջրական՝ Ջաբրայիլ, հոկտեմբերի 21-ին արդեն Կուբաթլուում վիրավորվեցի», - պատմեց Գարիկը:

Վիրավոր զինվորներին բուժում է Սիրիայից Հայաստան վերադարձած Ասպետ Խաչերեանը: Բժիշկը 10 տարվա փորձ ունի հետպատերազմական վնասվածքների բուժման ոլորտում: 

«Ես սեպտեմբերի սկզբին եմ եկել Սիրիայից, երբ իմ գալուց 2 շաբաթ հետո պատերազմը սկսեց, այդ ժամանակ զգացի, որ իմ մասնագիտության անհրաժեշտությունը շատ կա այստեղ՝ Հայաստանում, զինվորների համար», - պատմեց Ասպետը: 

Զիվորները դիմում են տարբեր վնասվածքներով՝ բեկորային, հրազենային, ստորին և վերին վերջույթների, գլխի վնասվածքներով: Յուրաքանչյուրին առանձին մոտեցում է ցուցաբերվում:

Այդ երիտասարդին, որը, հնարավոր է, հույսը կորցրել է, ձեռքը, ոտքը չի աշխատում, ուզում է քայլել, իր նորմալ կյանքը շարունակել, դու հոգեկան և մարմնական վերականգնմամբ ցույց ես տալիս, որ ամեն ինչ ավարտված չէ», - ասաց սիրիահայ բժիշկը: 

Սիրիահայ բժիշկը հիմա բուժում է մոտ 6 զինվորի, այս ամիսների ընթացքում արդեն 100-ից ավելի զինվորի է բուժել: Վերականգնողական բուժումն անվճար է: Բուժման ծրագիրն իրականացվում է ամերիկահայ բարերարների աջակցությամբ՝ Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Առաջիկա օրերին Սիրիահայ բժիշկն իր գործընկերների հետ Արարատի մարզում կլինի: Եվս 50 զինվորի պիտի հանդիպեն և հրավիրեն վերականգնողական բուժման: