×

Կառավարությունը պարտատոմսեր կթողարկի սփյուռքի համար

07.10.2021

Կառավարությունը որոշել է սփյուռքի համար պարտատոմսեր թողարկել։ Դրանք կլինեն ը, որըպետության համար բարենպաստ պայմաններով թողարկվող պետական պարտատոմսեր։ Հայաստանի կողմից սփյուռքի պարտատոմսերի թողարկման նպատակահարմարության հարցը պարբերաբար բարձրացվել է կառավարությունում, սակայն գործնական քայլ այդ ուղղությամբ առաջին անգամ է արվում․ խոսքը հարցը օրենսդրությամբ կարգավորելու մասին է։ Արդյո ՞ք սփյուռքի համար պարտատոմս թողարկելու նպատակը սփյուռքից գումար բերելն է։

Հայաստանի կառավարությունը սփյուռքի ֆինանսկան ռեսուրսը տնտեսության մեջ ներդնելու  կարիք ունի, բայց ֆինանսները ոչ թե պետք է նվիրաբերվեն, այլ տրվեն պարտքով՝ Հայաստանին։ Առաջին հայացքից այս պարզ մեթոդը մասնագիտական գրականության մեջ կոչվում է «պարտատոմս՝ սփյուռքի համար»։ Եվ ահա նորանկախ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ  որոշել է նման պարտատոմսեր թողարկել։ ՖԻՆԱՐՄ–ի տնօրեն Կարեն Զաքարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրուցում բացատրում է՝ սովորական պարտատոմսեր են, իսկ սփյուռքի  անվանումը մարկետինգային քայլ է։ 

«Դրանք մանրածախ պարտատոմսեր են, թիրախավորում են հիմնականում սփյուռքի հայրենակիցներին։ Եկամտաբերությունը մի փոքր ցածր է, քան սովորական պարտատոմսերինը, նաև հայրենասիրական բաղադրիչ կա։ Ուստի, մարկետինգային անունը «սփյուռքի պարտատոմս է»։ Ինքը որևէ  այլ բանով մյուս պարտատոմսերից չի տարբերվում»։

Մեկ տարբերություն, այնուամենայնիվ, կլինի․ «սփյուռքի պարտատոմսը» թողարկվելու է  դոլարով։ Այս պարտատոմսերը, ի տարբերություն եվրոբոնդերի, չեն լինի միայն մեծածախ ձեռքբերման։ Եվրոբոնդի ձեռքբերման ծավալը  200 հազար դոլար է։ Այս պարտատոմսերը, գուցե, հնարավոր լինի 100 դոլարով էլ ձեռք բերել․ հարցը քննարկման փուլում է։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ գաղափարը 2018-ին էր ծնվել, երկար են  քննարկել, այժմ հետազոտական փուլ են սկսել՝ հասկանալու, թե ինչ տրամադրվածություն կա, որքանով է գաղափարը իրագործելի։ Նախաձեռնությունը համատեղում է հայրենիք-սփյուռք տնտեսական համագործակցությունը, նաև  արտակարգ իրավիճակներում արագ գումար գեներացնելու միջոց է՝ ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը․

«Սփյուռքին հնարավորություն կտա ևս մեկ կապ ստեղծել Հայաստանի հետ։ Հայաստանի համար կապիտալ ստեղծելով հանդերձ՝ դա անել շուկայական սկզբունքներով և ոչ բարեգործական։ Գաղափարը նոր չէ, արտառոց չէ, այս պահին փորձելու ենք հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է  կառավարության պահանջներին, իրագործելի՞ է, թե՞ ոչ»։

Հայաստանի կառավարության այս առաջարկը ո՞ր երկրում պահանջարկ կունենա․ դեռ ուսումնասիրվող հարց է․ Կարեն Զարքարյանը բացատրում է՝  սա ֆինանսական պրոդուկտ է, իսկ ֆինանսական գործիքներին տիրապետող շուկան ԱՄՆ-ում է։ Նախ կփորձեն թիրախավորել այդ շուկան, հետո նաև՝ Կանադան ու ԵՄ երկրները։ Նախաձեռնությունն ունի մի կարևոր նրբություն․ Կարեն Զաքարյանը  հստակեցնում է՝  սփյուռքը չի   դիտարկվում որպես ֆինանսական աղբյուր։ Կառավարությունը ֆինանսներ ներգրավելու խնդիր չունի՝ 750 մլն դոլարի եվրոբոնդերի վաճառքը ապացուցում է , որ կառավարությունը գումարի կարիք չունի։ Եթե պետք լիներ ավելի շատ գումար ներգրավել, միջազգային շուկաները պատրաստ են գումար տրամադրել։

«Խնդիրը փողի մեջ չէ, խնդիրը հայրենիք-սփյուռք կապերը բազմաշերտ դարձնելու մեջ է։ Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է ֆինանսական հետաքրքրություն ունենան Հայաստանի տնտեսության մեջ, որպեսզի ավելի կապված զգան։ Այսինքն, խնդիրը այդ հարաբերությունների նոր շերտեր ստեղծելն է։ Եթե հայտարարվում է, որ սփյուռքը ցանկանում է ներդրումներ կատարել ու դուրս գալ նվիրատուի դերակատարումից, ապա սա հրաշալի առիթ է դա ապացուցելու»։

Որ կառավարությունն իսկապես ֆինանսի խնդիր չունի, արձանագրում է նաև տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։ Նկատում  է՝ սա ֆինանսական  նոր գործիք ստեղծող նախաձեռնություն է, փոքր ներդրողների համար հասանելիություն ապահովվող միջոց։

«Երկկողմանի քայլ է, մի կողմից պարտատոմսերի շուկայում նոր գործիքներ կհայտնվեն, մյուս կողմից՝ սփյուռքի ներուժը կօգտագործվի»։

Նախաձեռնության մեջ ռիսկ կա՝  ասում է տնտեսագետն ու բացատրում՝ գուցե թողարկման ժամանակ չապահովվեն անհրաժեշտ ծավալները։ Ավելի պարզ՝  առաջարկը լինի, սակայն, ներդրողները ակտիվություն չցուցաբերեն։ Այլ շոշափելի ռիսկեր այս պահին նկատելի չեն, հատկապես որ, Կարեն Զաքարյանի կարծիքով՝ Հայաստանի պարտատոմսերի շուկան զարգանում է։ Վիճակագրական պատկերն է ներկայացնում․ երեք տարում պարտատոմսերի շուկան եռապատկվել է, կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալը 1 մլրդ դոլարի է հասել։ Հաջողված է համարում նաև եվրոբոնդերի շուկան՝ ոչ միայն թողարկումներ են եղել, այլ նաև՝ մարում։ Ուստի, փորձ կա՝ մնում է մանրամասն հետազոտել, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրական փոփոխություններ կատարել։ Ուսումնասիրման վերջնաժամկետը 2022–ի գարունն է, չի բացառվում, որ այդ փուլն ավելի շուտ չի ավարտվի։