×

Ֆրանսիայում անցկացվել է հայկական փառատոն. ցուցադրվել են հայկական իրեր

07.10.2021

Հայկական գրքեր, մեղր, թեյ, գինիներ ու զարդեր. արդեն 4 տարի Ֆրանսիայում սեպտեմբերի առաջին կիրակին այսպես են դիմավորում՝ հայկական փառատոնի բացմամբ։ Մեկնարկը տրվեց Փարիզի 8-րդ շրջանում՝ Հայ առաքելական եկեղեցու հարևանությամբ, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ։

 «Ունենք սեղաններ՝ մոտ 20-25 հատ, որի վրա վաճառվում են հայկական զանազան ապրանքներ, այդ թվում՝ այս տարի Արցախից բերված մեղր և այլ բաներ։ Այդ փողոցը մայր տաճարի փողոցն է։ Մայր տաճարում համերգ է լինում։ Փողոցի վրա դհոլ զուռնայով շուրջպար է կազմակերպվում», - պատմեց Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Փառատոնի անցկացումն ունի երկու նպատակ։ Առաջինը՝  սփյուռքում ապրող հայերին հայկական մշակույթով հպարտանալու հնարավորություն տալն է, երկրորդը՝ արտասահմանցներին գեղեցիկ կերպով ծանոթացնելը հայի տեսակին,  հայկական մշակույթին ու պատմությանը ։

«Երեխաները տեսնեն, թե ինչպես են իրենց նախնիները կերտել այս պատմությունը, ավանդույթը և հուսով եմ՝ նրանք ևս հպարտությամբ հավատարիմ հայ կլինեն իրենց ազգի և հայրենիքի համար»։ 

Ամենամյա փառատոնի բացմանը Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ մասնակցում է նաև Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետը։ Արարողությանը ներկա են գտնվում Ֆրանսիայում ՀՀ դեպանն ու այլ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Եկեղեցին, որը Ֆրանսիայում 100 տարուց ավելի գոյություն ունի, պարտականություն ունի նաև մեր ոչ հայերին տեղյակ պահելու, թե ով ենք մենք, ինչ է Հայաստանը, որտեղ է մեր հայրենիքը և այս բոլոր հարցերը պատասխանը մարդիկ ստանում են փառատոնի միջոցով»։

Այս տարի փառատոնին մասնակցել է 3000-ից  ավելի մարդ։ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի պնդմամբ՝ մասնակիցների թիվը թիվը տարեց տարի ավելանում է։  Փառատոնին հայկական շունչն ապահովում են հայկական արտադրանքը, մշակույթը և խոհանոցը։