×

Սփյուռքահայ մասնագետները վերապատրաստել են Հայաստանի բոլոր մարզերի ուսուցիչներին

07.10.2021

 

«Կրթությունը վերջին ցանկապատն է մարդկության գոյության ու դրա կործանման միջև և եթե այդ ցանկապատը տապալվի, ապա  մենք կործանված ենք»։

Այս գաղափարախոսությամբ էլ Իգործ 2020-ի մասնակից Օնիկ Բայրամյանն իր մյուս իգործական ընկերների հետ գործի դրեց «Դպրոցի կառավարում» ծրագիրը, որով կարողացան վերապատրաստել Հայաստանի մարզերի 250 դպրոցների ավելի քան 1600 մանկավարժների։

 «Այդ ծրագիրը գործարկեցինք, որ հայկական ինքնությունը և մշակույթը կարողանանք զորացնել ամեն հնարավոր ձևով»,- ասաց Օնիկ Բայրամյանը։

Վերապատրաստման մասնակիցներն ստացել են առցանց և առկա դասընթացներ։ Ձեռք են բերել նորագույն դասավանդման տեխնոլոգիաներ և հմտություններ: 

 «Տարբերվող էր իրենց դասընթացը։ Իրենք շատ կարևորում են ազգային արժեքները, հայրենասիրությունը, հայեցի դաստիարակությունը և ամեն դասի մեջ դա անպայման պետք է ընդգրկված լինի»,- նշեց ուսուցչուհին։ 

«Դաստիարակչական, արժեհամակարգի ձևավորման դասընթացներ ենք ունեցել, որը յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իմ կարծիքով ներդնի դասապրոցեսի ընթացքում»,- ասաց ուսուցչուհին։ 

Դասընթացի թեմաները ներառել են տարբերակված դասարանի պարզ մոդելը, ուսուցիչների գնահատման համակարգը, կատարողականի չափորոշիչները։ Վերապատրաստման արդյունքում մանկավարժների մոտ նկատելի է մասնագիտական աճն ու դասավանդման մշակույթի փոփոխությունը: 

«Ուսուցման մի քանի ռազմավարություններ, որոնք ավելի շատ հնարավորություն են տալիս դաս-դասարանային ձևաչափից դուրս ունենալ տարբերակված ուսուցման մեթոդներ կիրառել եմ նաև դասարանում և այդ ազգային տարրի ներդրումը հնարավորություն է տվել հայտորոշելու, որ այո, մեր սերունդը կարիք ունի , որպեսզի իր ուսումնական պրոցոսում ունենա հայկական տարրերի ներդնում»,- ասաց մասնագետը։

Մեկամյա դասընթացի ավարտից հետո մանկավարժներին հանձնվել են վկայականներ։ Հանձնման ընթացքում  17 ուսուցիչներ էլ ստացել են պարգևներ հայկական ինքնության և մշակույթի դասավանդման գործում ցուցաբերած առաջընթացի համար: Սփյուռքահայ մասնագետները հիմա էլ հասարակական կազմակերպություն են հիմնել, որի միջոցով պետք է շարունակեն իրենց առաքելությունը։

«Գաղափար առաջացավ, որ հիմնենք կրթամշակութային և բարեգործական հասարակական կազմակերպություն և ստեղծեցինք «Քեզի համար Հայաստան» անվանումով, որի նպատակը ի սկզբանե պարզ էր՝ աջակցել հանրակրթական դպրոցներին և՛ նյութատեխնիկական, և՛ մասնագիտական աջակցություն ցուցաբերել»,- նշեց Նարինե Սիրականյանը։ 

«Պետք է այս ՀԿ-ով շարունակենք մեր ուսումնական պայքարը, որովհետև համոզված ենք, որ միայն զենքով կա փրկություն և զենքերի մեջ ամենակարևորը մեր մանկավարժներն են ու կրթության ոլորտը»,- ասաց մասնագետը ։ 

Կազմակերպիչների խոսքով՝ ներդրվելու են հնարավոր բոլոր միջոցներն ու ռեսուրսները լավագույն արդյունքի հասնելու համար՝ ստեղծելով ապահով, գիտելիքահեն և առաջադեմ երկիր։