Ամերիկահայերը բողոքի ակցիա են արել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների դիմաց
27.09.2021
44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրը Վաշինգտոնում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների դիմաց։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել, բացահայտել ռազմական հանցագործությունները։
«Թիրախավորեցին անմեղ մարդկանց, երեխաներին, մեր պատմական եկեղեցիները, անօդաչու սարքերով բնաջնջում էին ընտանիքներ, սպիտակ ֆոսֆորով թունավորում շրջակա միջավայրն ու մարդկանց։ Սա այն նույն Թուրքիայի կառավարությունն է, որը սատարում էր «Իսլամական պետությանը», հիմա էլ աջակցում է Թալիբանին», - հայտարարեցին մասնակիցները։
«Տասնյակ հայ ռազմագերիներ Բաքվում են հենց այս պահին, ինչ մենք խոսում ենք։ Ադրբեջանի կառավարությունը նրանց զրկել է տարրական իրավունքներից։ Բայց այսօր մենք այստեղ ենք ոչ թե իբրև պարտված, այլ միավորված հայ համայնք», - համայնքային մասնակից Րաֆֆի Սամուրքաշյանը։
Սոցցանցերում նոր լուսանկարները պատկերում են Շուշիի Կանաչ ժամին հասցված հերթական վնասը։ Այս մասին լրագրողական հարցմանն ի պատասխան պետքարտուղարությունից պատասխանել են. «Պահանջում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդները, հասարակական կազմակերպություններն ու լրագրողներն առանց սահմանափակումների մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որպեսզի կարողանան անկախ և անկողմնակալ գնահատական տալ հոգևոր և մշակութային ժառանգությանը հասցված վնասի վերաբերյալ պնդումներին»։