×

Սկսվել է «իԳործ 2021» ծրագիրը. 1 տարով Հայաստան է գալիս 50 սփյուռքահայ մասնագետ

25.09.2021

Առաջին մասնագիտությամբ՝ թարգմանիչ, 2-րդով՝ չինագետ։ Ռուսաստանից Քրիստինային Հայաստան է բերել «իԳործ» ծագիրը։ Այն սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական համակարգում։

«Միշտ ցանկացել եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանում և այդ հնարավորությունը տեսա «իԳործ» ծրագրում, որի մեկնարկից հետո անմիջապես որոշեցի դիմել», - ասաց մասնակիցը։ 

ԻԳործ ծրագրին մասնակցելու համար պետք է  համապատասխանել մի քանի պահանջների։ Բարձրագույն կրթությունն ու աշխատանքային փորձը պարտադիրների ցանկում են։ Քրիստինան հաջողությամբ անցել է մրցույթը և աշխատանքի անցել Սփյուռքի գրասենյակի մեդիա բաժնում։  

«Առաջադրանքներից մեկն է բարձրացնել սփյուռքում հայրենաճանաչությունը, դրդել որակով և գիտակցված հայրենադարձությանը։ Եվ մեդիա բաժնում աշխատելով՝ կարծում եմ, որ հնարավոր կլինի այն իրականացնել»,- հավելեց մասնակիցը։

Գևորգն էլ ընկերոջից է պատահական իմացել ծրագրի մասին։ Հինգուկես տարի Գերմանիայում ապրելուց հետո այժմ Հայաստանում է։ Աշխատում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի  ռազմավարությունների մշակման բաժնում։ 

«Գործունեության հիմնական պարտականություններին են դասվում հայրենադարձների տվյալների բազայի մշակումը և ստեղծումը։ Հայրենադարձների հետ տարվող աշխատանքների մասնակցությունը, այդ թվում ինտեգրումը,  նրանց ադապտացման գործընթացների կազմակերպումը», - նշեց մասնակիցը։ 

Գևորգի համոզմամբ՝ ծրագրի մասնակիցները ազատ են նոր գաղափարներ առաջարկելու և  նախաձեռնողական քայլեր անելու հարցում։ Այն  էականորեն ազդում է նրանց գործունեության դրական արդյունքի վրա։

«Մասնակիցներից մոտ 30-ը արդեն ֆիզիկապես գտնվում են Հայաստանում և սկսել են իրենց աշխատանքները տերբեր  գերատեսչություններում և պետական հաստատություններում։ Մինչև նոյեմբեր ակնկալում ենք ունենալ արդեն 50 մասնակից Հայաստանում», - ասաց ղեկավարը։

Ղեկավարի խոսքով՝ նախորդ տարվա «իգործական» մասնակիցների 60 տոկոսից ավելին հայրենադարձվել է և ընտանիքներով այժմ բնակվում է Հայաստանում։ Որոշներն էլ իրենց գործունեությունը շարունակել են ծրագրի շրջանակում ։

«Մենք կարողացանք Հովնանյան հիմնադրամից ֆինանսավորում ստանալ, որպեսզի 11 մասնագետ հաջորդ տարի շարունակի աշխատել նույն հաստատությունում։ Ունենք նաև մասնակիցներ, ովքեր իրենց աշխատանքը հաջորդ տարի շարունակելու են մասնավոր հատվածում», - հավելեց ղեկավարը։ 

Մասնակիցների խոսքով՝ միայն Հայաստան գալով կարելի է ճանաչել հայրենիքը, հարմարվել և ընդունել մարտահրավերները։ Ասում են՝ «իԳործը» նրանց համար է, ովքեր պատրաստ են պատվով հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները՝ օգնելով հայրենիքին, ուժեղացնելով սփյուռքը։