×

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկվում է կոմունիկացիաների վերաբացման հարցը

08.09.2021

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացումն ու կարգավորման հնարավորությունը։

«Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ես արդեն հասցրել եմ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, այսօր էլ մեկնում եմ Վրաստան։ Թե ԻԻՀ, թե Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, և այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը, որն ԻԻՀ հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին», - նշեց վարչապետը։

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում են կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Կոնկրետ արդյունքներ գրանցելու համար Հայաստանը վճռական է տրամադրված։ 

«Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ օր առաջ ավարտին կհասցնեն հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը։

Վարչապետը խոսեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Կառավարության ղեկավարը պատաստակամություն հայտնեց վերագործարկել հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները։

Անցնելով նիստի օրագարգին՝ կառավարությունն ընդունեց որոշում, որով Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:

Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որով իրականացվում է համայնքների խոշորացման հերթական փուլը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջերում։

Այս գործընթացի ավարտից հետո Հայաստանը կունենա 77 համայնք եւ Երեւանը: Դրանցից 8-ը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված:

Այս հարցը համարվեց հրատապ եւ կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ սեպտեմբերի 24-ին քննարկելու համար: